Եվրոպայի ձմեռային օլիմպիական փառատոնում
Եվրոպայի պատանեկան ձմեռային օլիմպիական փառատոնի մեկնարկում, ինչպես հայտնել ենք, գերազանց քննություն բռնեց գեղասահորդուհի Անաստասիա Գալուստյանը: Մեր մենասահորդուհին կարճ ծրագրում գերազանցեց սպասելիքները, իրենից հետ թողեց բազմաթիվ փորձառու և տարիքով մեծ մրցակցուհիների ու գրավեց առաջին տեղը (52,94 միավոր): Մարզիչներ Գեորգի և Իրինա Գալուստյանների 15-ամյա դստեր հաջողությունը պատահական չէ: Մոսկվայում մարզվող Անաստասիան ընդամենը երկու ամիս առաջ` նոյեմբերին մասնակցեց «Վարշավայի գավաթ» միջազգային խոշոր մրցաշարին և դարձավ արծաթե մեդալակիր: Բարձր արդյունքի շնորհիվ հայ մարզուհուն շնորհվեց Շանհայում մարտին անցկացվելիք աշխարհի մեծահասակների առաջնությունում հանդես գալու ուղեգիր: Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ի լրատվության բաժինը:
Ինչպես ակնկալվում էր, պատանեկան փառատոնի առաջին օրը թույլ հանդես եկան մեր դահուկորդները: Դահուկավազորդներ վանաձորցի Արման Մատինյանը 10 կմ մրցավազքում 85 մասնակիցների պայքարում գրավեց 79-րդ, իսկ հրազդանցի Ռաֆիկ Վիրաբյանը` 83-րդ տեղը:
Ծաղկաձորցի լեռնադահուկորդ Դմիտրի Տրիշչիլյովը հսկա որոլորվայրէջք մրցաձևի մեկնարկում անհաջողության մատնվեց և դուրս մնաց պայքարից:
Հայաստանի բոլոր չորս մասնակիցները վաղը` հունվարի 28-ին կրկին կելնեն ասպարեզ: Անաստասիա Գալուստյանը հանդես կգա ազատ ծրագրով, դահուկավազորդներն իրենց ունակությունները կդրսևորեն 7,5 կմ տարածությունում, իսկ լեռնադահուկորդը` ոլորավայրէջք (սլալոմ) մրցաձևում:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին