Լևոն Ջուլֆալակյանը հանդիպել է աշակերտների հետ
Երեկ հունահռոմեական ոճի հայ ըմբիշ, Եվրոպայի (1986), աշխարհի (1986) և 24-րդ օլիմպիական խաղերի չեմպիոն (1988), ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ, ՀՀ վաստակավոր մարզիչ Լևոն Ջուլֆալակյանի՝ Երևանի N 200 հիմնական դպրոց այցելությամբ մեկնարկել է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության նոր նախաձեռնությունը, որն իրականացվում է Երևանի քաղաքապետարանի հետ համատեղ:
Ծրագրի իրականացման ընթացքում հայ անվանի մարզիկներն այցելելու են հանրակրթական դպրոցներ՝ հանդիպելու աշակերտների հետ, պատմելու իրենց մարզական կենսագրության, ձեռքբերումների, հաղթանակների մասին: Նրանք կպատասխանեն աշակերտներին հուզող հարցերին, կներկայացնեն մարզաձևերի առանձնահատկությունները: Այս մասին հայտնում է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության պաշտոնական կայքը:
Երևանի N 200 հիմնական դպրոցի աշակերտները տեսանյութի միջոցով նախ ծանոթացան անվանի մարզիկ Լևոն Ջուլֆալակյանի մարզական ձեռքբերումներին, փայլուն գոտեմարտերին, հաղթական հիշարժան պահերին, այնուհետև հարց-պատասխանի միջոցով հետաքրքիր մանրամասներ իմացան նրա առօրյայից, հետագա ծրագրերից, որպես մարզիչ՝ նրա ծանրաբեռնված աշխատանքային գրաֆիկից:
Լևոն Ջուլֆալակյանը, շրջայց կատարելով դպրոցում, ծանոթացավ մարզադահլիճի վիճակին, շախմատի կահավորված դասասենյակին:
Ծրագրի մեկնարկի կապակցությամբ Երևանի N 200 հիմնական դպրոց էր այցելել նաև ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանը:
Նախարարը, ողջունելով ներկաներին ու ներկայացնելով ծրագրի մանրամասները, նշեց նրա կարևորությունը ինչպես առողջ ապրելակերպի և ֆիզիկական կուլտուրայի զարգացման, այնպես էլ մեր անվանի մարզիկների ճանաչելիության ու նրանց փորձը մատաղ սերնդին փոխանցելու գործում:
Լրահոս
Տեսանյութեր
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան