Հարություն Մերդինյանը՝ ոսկե մեդալակիր
Քաթարի մայրաքաղաք Դոհայում ավարտին է մոտենում սպորտային մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության երկրորդ փուլի մրցաշարը: Սպասելիքները գերազանցում են Հայաստանի բոլոր չորս պատվիրակները: Նրանք թեև ընթացիկ մրցաշրջանում առաջին մեկնարկն են կատարում, բայց բոլորն էլ կարողացան մտնել եզրափակիչ: Ավելին՝ նժույգթափերում ութ ուժեղագույնների պայքարում հավասարը չունեցավ մեր Հարություն Մերդինյանը: Նա վաստակեց 14,775 միավոր, վստահորեն գրավեց առաջին տեղը և արժանացավ ոսկե մեդալին: Նրանից բավական հետ մնաց երկրորդը ճանաչված խորվաթ Բարոն Մաթիան` 14,6 միավոր: Նույն գործիքի վրա հաճելի անակնկալ մատուցեց Արթուր Դավթյանը: Նա ութերորդ արդյունքով մտավ ութնյակ: Բայց մեդալների համար վճռական պայքարում դրսևորեց նախանձելի սառանասրտություն, հավասարակշռություն և նպատակամղված կապակցություններով վաստակեց 14,525 միավոր, գրավեց երրորդ տեղը ու պարգևատրվեց բրոնզե մեդալով: Ի դեպ, Արթուրն այսօր ելույթ կունենա հենացատկերի եզրափակչում: Ինչպես հայտնի է, սա նրա ախասիրած մրցաձևն է, և պատահական չէ, որ եզրափակիչ է մտել առաջին ցուցանիշով: Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ի լրատվության բաժինը:
Ուրախացրեցին նաև օղակներում վճռական փուլ մտած մեր երկու վարպետները: Ճիշտ է՝ գավաթակիր դարձավ առաջինը ճանաչված, Լոնդոնի օլիմպիական խաղերի չեմպիոն, բրազիլացի Արթուր Զենեթին (15,725 միավոր), բայց հայաստանցի Արթուր Թովմասյանի` 15,425 միավորով գրաված երկրորդ տեղն ու նվաճած արծաթե պարգևը նույնպես բարձր է գնահատվում: Նրան հաջորդեցին և լավագույն քառյակում տեղ գտան ռումինացի Անդրեյ Մունտյանը (15 , 325) և երևանցի Վահագն Դավթյանը (15,275):
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին