Բելառուսի սպորտի և տուրիզմի նախարարը այցելել է Ծիծեռնակաբերդ
ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանն այսօր ընդունել է Բելառուսի Հանրապետության սպորտի և տուրիզմի նախարար Ալեքսանդր Շամկոյին: Գ. Ղազարյանը ողջունել է Բելառուսի իր գործընկերոջը և գոհունակություն հայտնել սպորտի ոլորտում երկու երկրների հաջող համագործակցության առթիվ: Ալեքսանդր Շամկոն, իր հերթին, շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար ու ասել, որ հաջողությամբ իրագործվում են Հայաստանի և Բելառուսի Հանրապետությունների՝ սպորտի ոլորտում համագործակցության հուշագրի դրույթները:
Նախարարները քննարկել են ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացման, սպորտում շուկայական հարաբերություններին, սպորտի ոլորտի մասնագետների որակական կատարելագործման, ինչպես նաև ֆիզիկական դաստիարակության համակարգում ազգային մարզաձևերի ներդրման և մանկապատանեկան սպորտի զարգացմանն առնչվող հարցեր: Այս մասին հայտնում է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության պաշտոնական կայքը:
Գաբրիել Ղազարյանը երկու երկրների սպորտի նախարարությունների միջև արդյունավետ և բազմակողմանի համագործակցության համար Ալեքսանդր Շամկոյին պարգևատրել է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության «Բացառիկ ծառայությունների համար» ոսկե մեդալով:
Նախարարներն այսօր եղել են Ծիծեռնակաբերդում և ծաղիկներ դրել Հայոց մեծ եղեռնի զոհերի հիշատակը հավերժացնող հուշահամալիրում:
Վաղը՝ մայիսի 30-ին Գ. Ղազարյանը և Ա. Շամկոն մեկնելու են Ծաղկաձոր` այնտեղ գործող մարզահամալիրի հնարավորություններին ծանոթանալու համար:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին