Էժենի Բուշար. «Չեմ կարծում, որ արժանի էի այն ամենին, ինչ իմ մասին գրել են»
Կանադուհի Էժենի Բուշարը, ով «US Open»-ից առաջ անցկացրած 26 խաղից միայն 9-ում է հաղթել, պատասխանել է այն հարցին, թե ինչ է իր համար նշանակում Էլիսոն Ռիսկեի նկատմամբ 6:4, 6:3 հաշիվներով տոնած հաղթանակը «US Open»-ում:
«Այնքան շատ բան է նշանակում… Հիանալի է, որ հաղթեցի: Ընդհանրապես` հիմա մեկ օրից, մեկ խաղարկությունից, մեկ խաղից ավելի առաջ չեմ նայում: Եվ յուրաքանչյուր հանդիպումն ինձ համար ինչ-որ բան է նշանակում: Այսօրվա խաղով ես կարող եմ հպարտանալ: Հիմա, սակայն, պետք է աշխատեմ լավ թենիս ցուցադրել հաջորդ խաղում:
Վերջին ամիսներն ինձ սովորեցրել են, որ դեպի հաջողություն տանող ճանապարհը միշտ չէ հեշտ, ինչպես անցած տարի: Անցած տարի ես ցատկ կատարեցի, և դա հրաշալի էր, բայց ես, միևնույն է, պետք է շատ աշխատեմ, ինչպես և մյուսները: Եվ այն, որ հաջողության հասա, չի նշանակում, որ կարող եմ բաց թողնել դեպի այն տանող բոլոր քայլերը: Այս տարի ստիպված եմ լինելու պայքարել:
Անցած տարի բոլորն աջակցում էին ինձ, իսկ այս տարի սկսեցին արագ քննադատել: Ինչ-որ առումով դա ծանր է: Սակայն ես աշխատում եմ ուշադրություն չդարձնել դրան: Հասկացել եմ, որ լրագրողներին միշտ պատմություն ու վերնագիր է պետք: Եվ ձգտում եմ դա ինչ-որ անձնական բան չընկալել: Չեմ կարծում, որ արժանի էի այն ամենին, ինչ իմ մասին գրել են: Բայց դա նրանց աշխատանքն է, և ես հարգում եմ այն: Երբ երեկոյան պառկում եմ քնելու, պետք է հիշեմ, որ հրաշալի մարդ եմ (ժպտում է): Լավ թենիսիստուհի եմ:
Ունեմ որակներ, այն ամենը, ինչ անհրաժեշտ է: Պետք է շարունակեմ աշխատել, անկախ ամեն ինչից: Չի կարելի կախել գլուխը,այլ պետք է հավատաս ինքդ քեզ, ինչ էլ որ քո մասին ասեն: Երբեմն դժվար է, երբ այդքան շատ բացասական բաներ ես լսում քո մասին: Բայց երբ մտածում եմ իմ մասին, իմ ներքին թիմը միշտ հավատում է ինձ: Դա օգնում է»,- թենիսիստուհու խոսքերը մեջբերել է «US Open»-ի պաշտոնական կայքը:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին