Թիմերը յուրովի են նախապատրաստվում աշխարհի առաջնությանը
Երեկ` սեպտեմբերի 1-ին ԱՄՆ-ի Լաս Վեգաս քաղաք է ժամանել Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականը: Մեր ըմբիշները նպատակ ունեն հաղթահարել կլիմայավարժեցման փուլը, որպեսզի հաջող մասնակցություն ունենան աշխարհի օլիմպիական վարկանշային առաջնությունում: Բայց առաջինը մրցագորգ կելնեն հունահռոմեական ոճի ըմբիշները: Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ, օլիմպիական չեմպիոն Լևոն Ջուլֆալակյանի սաները նախապատրաստական փուլն անցկացնում են տանը: Գլխավոր մարզիչը, ըստ էության, գնահատել է իր` գործող մարզիկ լինելու տարիները: Նա ԽՍՀՄ հավաքականի կազմում հինգ անգամ մրցուղերթի է մեկնել ԱՄՆ, որոնցում միշտ հաղթող են ճանաչվել խորհրդային ըմբիշները, նրանց թվում` Լևոն Ջուլֆալակյանը: ՀԱՕԿ-ի լրատվության բաժնի թղթակիցն այս մասին հիշեցրել է նրան հեռախոսազրույցում: Գոհ է, որ իր անցած ճանապարհը չի մոռացվում, մանավանդ որ, ինչպես խոստովանել է, հենց այդ հանգամանքը գնահատելով է առաջնորդվել ինքը: Հավելել է նաև, որ ըմբիշը պետք է գոտեմարտել, պայքարել կարողանա ոչ միայն ցերեկը, այլ օրվա բոլոր 24 ժամերին: Նա իր մարզիկներին տղամարդ, մարտիկ մրցողներ է համարում:
Ի դեպ, ՌԴ հավաքականն էլ է նախապատրաստվում տանը:
Մեր թիմը հայրենիքից մրցավայր կուղևորվի սեպտեմբերի 4-ին: Կարճ ընդմիջումից հետո՝ սեպտեմբերի 7-ին, Հայաստանի մարզիկները Լաս Վեգասի մարզապալատի մրցագորգերի վրա պայքարը կսկսեն աշխարհի առաջնությունում խաղարկվող մեդալների և «Ռիո-2016»-ի ուղեգրերի համար: Հետաքրքիր է, որ հենց առաջին օրը մեր հավաքականից պայքարի կբռնվեն աշխարհի գործող չեմպիոններ Արսեն Ջուլֆալակյանը (75 կգ) և Արթուր Ալեքսանյանը (98 կգ): Չենք կասկածում, որ չեմպիոնները հավատարիմ կմնան գրոհային ոճին, կրկին կդրսևորեն անկոտրում կամք և կպահպանեն լավագույնի կոչումը:
Մարտական տրամադրությամբ պայքարի կբռնվեն նաև Ռոման Ամոյանը (59 կգ), Միհրան Հարությունյանը (66 կգ), Վարշամ Բորանյանը (71 կգ), Էդվարդ Սարգսյանը (80 կգ), Մաքսիմ Մանուկյանը (85 կգ) և ծանրքաշային Էդգար Խաչատրյանը (մինչև 130 կգ):
Ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Արայիկ Բաղդատյանը թիմում ընդգրկել է Գարիկ Բարսեղյանին (57 կգ), Վոլոդյա Ֆրանգուլյանին (61 կգ), Դավիթ Սաֆարյանին (65 կգ), Գրիգոր Գրիգորյանին (74 կգ), Մուսա Մուրթազալիևին (86կգ), Էդգար Ենոքյանին (97 կգ) և ծանրքաշային Լևան Բերիանիձեին:
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ