Ինչո՞ւ չի էժանանում կաթնամթերքը. Գյուղացիների հարցը
Շիրակի մարզի Ամասիայի ու Աշոցքի շրջանների գյուղերից կաթը կմթերեն 160 դրամով: Նման համաձայնություն է ձեռք բերվել գյուղնախարարության ու մթերող ընկերությունների միջև: Այս մասին Panorama.am-ին ասաց գյուղատնտեսության փոխնախարար Ռոբերտ Մակարյանը:
«Արոտային պահվածքի, կաթի ավելացման պայմաններում սա նորմալ գին է»,-կարծիք հայտնեց փոխնախարարը:
Հիշեցնենք, որ այս շրջանների գյուղացիներին զայրացրել էր հանգամանքը, որ կաթի մթերման գինը նվազել է միանգամից 20 դրամով՝ հասնելով 150 դրամի: Մի քանի գյուղացիներ նույնիսկ հրաժարվել են կաթ վաճառել:
«Կաթի ծավալներն այս շրջանում ավելանում են, գնի որոշակի նվազեցում է լինում: Միշտ էլ այդպես է եղել, շուկայում առաջարկի-պահանջարկի խնդիր կա, ուղղակի դա դարձնել դրոշակ, ճիշտ չեմ համարում: Գյուղացու դժգոհությունը անհիմն չենք համարում, քանի որ ցանկացած արտադրող ցանկանում է իր ապրանքը բարձր գնով վաճառել, իսկ գնորդը ցանկանում է ցածր գնով առնել: Խելամիտ գին պետք է լինի, որը որոշում է շուկան»,-ասաց Մակարյանը:
Գնագոյացման մյուս գործոնը Մակարյանը պայմանավորում է ռուսական ռուբլու արժեզրկմամբ, մեր վերամշակողները ռուսական շուկայում իրենց գներով մրցունակ չեն լինում: Փոխնախարարը նշեց, որ գյուղացիները կարող են առանց միջնորդի միանգամից գործարանին հանձնել, փոխարենը մի քանի դրամով թանկ վաճառել կաթը:
Ամասիայի շրջանի Արեգնադեմի գյուղաղապետ Աղունիկ Հազարյանն ասաց, որ 160 դրամն էլ չի գոհացնում գյուղացիներին, սակայն ստիպված են համակերպվել եղածի հետ. «Եղած պայմաններում պետք է համակերպվենք: Նախորդ տարիներին էլ է սեզոնին կաթի գինը նվազել, բայց նախորդ տարիներին էսքան թանկացում չի եղել, ամեն ինչը թանկացել է: Գյուղացիներն էլ բողոքում են, որ կաթի մթերման գինը իջնում է, վաճառվող կաթնամթերքինը՝ ոչ»:
Գյուղապետն ավելացրեց, որ գյուղում մարդ չկա, որ վարկ չունենա, մարդիկ սոցիալական վատ պայմաններում են:
Ա. Հազարյանն ասաց, որ նախորդ տարի կաթի գնի նվազում չի եղել, ինչն էլ գյուղացիների համար հիմք է եղել մտածելու, որ մթերման գինն այս տարի էլ անփոփոխ կմնա:
Լրագրողների հետ հանդիպմանն այսօր «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանն անդրադառնալով խնդրին նկատեց, որ խնդրի մասին բարձրաձայնվում է ամեն սեզոնին՝ ամռանը գյուղացին բողոքում է կաթի մթերման ցածր գնից, իսկ ձմռանը գործատուն՝ մթերման բարձր գնից, երբ ձմռանը բարձրանում է կաթի գինը, ամռանը չի իջնում:
Պիպոյանը կարծիք հայտնեց, որ գրագետ մոտեցման դեպքում հարցը կարելի է շատ արագ կարգավորել: Կաթը պետք է տեսակավորվի, որպեսզի սպառողը հնարավորություն ունենա տարբերելու անարատ կաթը ոչ անարատից:
Փոխնախարար Մակարյանից հարցրեցինք, ինչո՞ւ չի էժանանում կաթնամթերքը. «Երբ կաթի ավելացում է լինում, ավելացած մասը կաթի փոշու կամ պանրի արտադրության մեջ է օգտագործվում, այսինքն կաթնամթերքի քանակի վրա դա որևէ ազդեցություն չի ունենում: Նույն կերպ կարող ենք ասել, որ ամռան ամիսներին վերամշակված պտուղ-բանջարեղենը պետք է ավելի էժան լինի, քան ձմռան ամիսներին»:
Փոխնախարարը հույս հայտնեց, որ առատ կաթի սեզոնից հետո արտադրողները չեն թանկացնի կաթնամթերքը:
Նախորդող հրապարակումներ՝
Կաթի մթերման գինը կրկին իջացրել են. «Ոնց որ գյուղացին աշխատի ուրիշի համար»
«Ոնց որ ասեն, դու գնա կործանվի». «Մարիաննա»-ի տնօրենը՝ գյուղացիների բողոքի մասին
Գյուղացին դժգոհ է կաթի մթերման գնից
Լրահոս
Տեսանյութեր
Մի կողմում հայ ժողովուրդն է, մյուս կողմում թշնամին և մեր իշխանությունը միասին. Դավիթ Անանյան