Կ. Գրիգորյան. Կան կոնկրետ ուժեր, ովքեր շատ մեծ հետաքրքրություն ունեն համալիրը գնելու հարցում
«Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր» ՓԲԸ-ի անօրինական աճուրդն ուղղորդված է ու հատուկ նպատակ է հետապնդում: Նախ նման կերպ ցանկանում են քողարկել այլ վարկային երաշխիքներ մարելու գործառույթներ, նաև կան կոնկրետ ուժեր, ովքեր շատ մեծ հետաքրքրություն ունեն համալիրը գնելու հարցում»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Մարզահամերգային համալիրի ներկայացուցիչ Կորյուն Գրիգորյանը:
Նրա խոսքով, ամեն ինչ փորձում են կատարել թաքուն, քողարկված, նույնիսկ դատական նիստերը փակ անցկացնելը դրան է միտված:
«Հստակ գործող քաղաքականություն է: Արվում է Հայաստանի կառավարության գործած սխալ գործարքները թաքցնելու համար»,- ասաց նա:
Փաստաբան Արմինե Հակոբյանն էլ ասաց, որ համալիրի ներկայացուցիչները դիմել են մշակույթի նախարարությանը պարզելու, թե արդյոք կան չափորոշիչներ, որոնց համաձայն գնահատվում է մշակութային արժեքը: Առաջարկվել է ստեղծել հանձնաժողով՝ իրական գնահատելու համար, սակայն ԴԱՀԿ ծառայությունը, ըստ փաստաբանի, այժմ համալիրի շենքը գնահատել է որպես անշարժ գույք ու դրան համապատասխան գին է սահմանել՝ հաշվի չառնելով, որ այն մշակութային հուշարձան է:
Նշենք, որ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրը ԴԱՀԿ-ն երկրորդ անգամ աճուրդի է հանել հունիսի 2-ին: Այս անգամ այն վաճառվում է 10 տոկոս ցածր գնով, 17 մլրդ 415 մլն դրամ` նախկին 19 350 000 000.0 դրամի փոխարեն: Աճուրդը կշարունակվի մինչև հունիսի 12-ը:
«Կան ուժեր, ովքեր շահագրգռված են, որ հանեն աճուրդի ու վաճառեն իրենց ձեռնտու գնով»,-ասաց Կ. Գրիգորյանը:
Ըստ նրա, եթե հանձնաժողովը գնահատեր, կլիներ ոչ թե ԴԱՀԿ կողմից առաջարկված գինը, որը սահմանելու համար հատուկ հաշվարկներ կատարվել է օֆշորային ընկերության կողմից, այլ գնահատվելու էր այլ չափանիշներով ու բավականին բարձր էր լինելու:
Համալիրի ներկայացուցիչը նշեց, որ եթե իրենց հստակ ժամանակացույց տրվի, իրենք անհրաժեշտ գումարը կմարեն. «Մենք պատասխանատվությամբ ենք վերաբերում այդ պրոցեսին, սակայն այսօրվա գործողություններն ունեն հստակ ձեռագիր ու նպատակ»:
Նախորդող հրապարակումներ՝
«Մենք հարյուր հատ համալիր չունենք». Քննարկում
Տիգրան Բարսեղյանը՝ Համալիրի աճուրդի մասին. «Պայմանագրում նշված լինել-չլինելն էական չէ»
17 մլրդ 415 մլն դրամ. աճուրդի դրված մարզահամերգային համալիրի նոր գինը
Մարզահամերգային համալիրի վաճառքը չի մտահոգում Մշակույթի նախարարությանը
Համալիրի աճուրդն ավարտվեց, բայց...
Ճարտարապետ. Համալիրի աճուրդի պայմաններում ոչ մի բառ չկա մշակութային արժեք լինելու մասին
Համալիրի հայտարարված էլեկտրոնային աճուրդն անօրինական է. Արձագանքում է Մարզահամերգային համալիրը