«Մենք հարյուր հատ համալիր չունենք». Քննարկում
Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի արդեն երկրորդ աճուրդը դեռ շարունակվում է: Մինչ կգտնվի այն գնորդը, ով 17 մլրդ 415 մլն դրամով ձեռք կբերի հանրապետական նշանակություն ունեցող և պատմական հուշարձան հանդիսացող կառույցը, հասարակությունը շարունակում է հայտնել իր մտահոգություններն աճուրդի ու վաճառքի պայմանագրում գնորդի առջև դրվելիք պարտավորությունների շուրջ:
Այսօր լրագրողների հետ հանդիպմանը բնապահպան Կարինե Դանիելյանը նկատեց, որ պայմանագրում սեփականատիրոջ առջև դրված համապաստասխան կետերը բացակայում են, իսկ հուշարձանը սեփականատիրոջը հանձնելու և այն աղճատված տեսնելու դառը փորձը կա:
«Մենք ինչ հնարավոր է քանդել ենք: Այստեղ պետության դերը բա ո՞րն է: Անցել ենք արդեն վերջին տասնամյակներում կառուցածներին: Եթե պայմանագրի մեջ պայմաններ չեն դրվում, մենք արդեն փորձ ունենք ինչ է լինում: Սեփականատիրոջ համար շատ ավելի շահավետ կլինի քանդել և օգտագործել որպես հանք: Օրինակ Երիտասարդների պալատի դեպքում այդպես արվեց: Բոլոր պայմանագրերը, որ կնքվել են, սահմանափակող հոդվածներ չեն ունեցել: Այդ մոտեցումը ձևավորել համալիրի նկատմամբ, խիստ անթույլատրելի է»,- ասաց բնապահպանը:
Երևանի քաղաքապետարանի «Բարև Երևան» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը տարակուսանք հայտնեց, որ պատմական հուշարձանը սեփականատիրոջ է հանձնվել դեռ այն ժամանակ և հիմա էլ ձեռքից ձեռք է անցնում:
«Ի սկզբանե դա չպետք է սեփականաշնորհվեր»,- ասաց նա:
Սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանն էլ հուշեց կառույցը կառավարելու իր տեսլականը, ըստ որի պետությունը կարող էր փակ բաժնետիրական ընկերություն հիմնել, նրանց հանձնել համալիրն ու նաև, բաժնեմաս տալով, մասնավորին ներգրավեր:
«Դա կլիներ լավագույն տարբերակը: Մենք հարյուր հատ համալիր չունենք»,- ասաց նա:
Անահիտ Բախշյանն էլ արձագանքեց. «Հիմա չի՞ կարող պետությունը ստեղծել այդ ընկերությունը, փայատեր դառնա և ձեռք դնի վրան` որպես պատմական հուշարձան»:
Նշենք, որ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրը ԴԱՀԿ-ն երկրորդ անգամ աճուրդի է հանել հունիսի 2-ին: Այս անգամ այն վաճառվում է 10 տոկոս ցածր գնով, 17 մլրդ 415 մլն դրամ` նախկին 19 350 000 000.0 դրամի փոխարեն: Աճուրդը կշարունակվի մինչև հունիսի 12-ը:
Կարդացեք նաև`
Տիգրան Բարսեղյանը՝ Համալիրի աճուրդի մասին. «Պայմանագրում նշված լինել-չլինելն էական չէ»
17 մլրդ 415 մլն դրամ. աճուրդի դրված մարզահամերգային համալիրի նոր գինը
Մարզահամերգային համալիրի վաճառքը չի մտահոգում Մշակույթի նախարարությանը
Համալիրի աճուրդն ավարտվեց, բայց...
Ճարտարապետ. Համալիրի աճուրդի պայմաններում ոչ մի բառ չկա մշակութային արժեք լինելու մասին
Համալիրի հայտարարված էլեկտրոնային աճուրդն անօրինական է. Արձագանքում է Մարզահամերգային համալիրը