Ցեղասպանությունը փաստող նամակներ ու վկայություններ` մի գրքում
«Պատասխան՝ 100 տարի անց» համալիր ծրագրով անդրադարձ է կատարվում 1894-1923 թթ. գրված և Հայոց ցեղասպանությունը փաստող անպատասխան նամակներին ու վկայություններին: Դրանց միջոցով անվանի մարդկանց ու հասարակության լայն զանգվածների արձագանքները հավաքագրվելու են և ամփոփվելու «Պատասխան` 100 տարի անց» պատկերագրքում: Այս մասին այսօր լրագրողներին տեղեկացրել են ծրագրի նախաձեռնողները:
«Պատասխան` 100 տարի անց» պատկերագիրքը բաղկացած կլինի 3 բաժիններից: Առաջինում կլինեն Հայոց ցեղասպանության զոհ դարձած մտավորականների վերջին նամակները և դրանց ի պատասխան՝ մերօրյա անվանի հայ և օտարազգի գործիչների պատասխան-արձագանքները:
Երկրորդ բաժինն իր մեջ կամփոփի 100 տարվա ընթացքում հայ և օտարազգի գործիչների լավագույն անդրադարձները Հայոց ցեղասպանության փաստին: Այս բաժնում կլինեն նաև Հայոց ցեղասպանության հետևանքով որբացած հայ մանուկների հավաքական նամակին ի պատասխան՝ շարադրությունների մրցույթի լավագույն աշխատանքները:
Երրրոդ բաժինը կներկայացնի Հայոց ցեղասպանության վերաբերյալ տարբեր արխիվներից քաղված 10 վավերապատումներ և դրանց շուրջ գեղանկարի ու քանդակի մրցույթի լավագույն ստեղծագործությունները: Այս բաժնում կներառվեն նաև Հայոց ցեղասպանության տարիներին ոչնչացումից փրկված արվեստի նմուշներ:
Հավելենք, որ 2014 թ. օգոստոսի 1-ից 2015 թ. փետրվարի 1-ը գեղանկարչական աշխատանքների և քանդակի մրցույթ է հայտարարվում Հայոց ցեղասպանության վերաբերյալ տարբեր արխիվներից քաղված 10 վավերապատումների շուրջ: Լավագույն աշխատանքները կներառվեն «Պատասխան՝ 100 տարի անց» խորագրով պատկերագրքում և կցուցադրվեն Հայաստանի ազգային պատկերասրահում՝ նույնանուն ցուցադրության շրջանակում։
«Պատասխան՝ 100 տարի անց» խորագրով համալիր ծրագիրն իրականացնում է Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանը՝ ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ: