«Գրական տապանը» Երևանը կվերածի միջազգային գրական հարթակի
Սեպտեմբերի 18-28-ը Հայաստանը կվերածվի միջազգային գրականության յուրօրինակ հարթակի: «Գրական տապան» ամենամյա փառատոնի շրջանակներում Հայաստան կայցելեն գրողներ՝ աշխարհի 11 երկրներից: Համաշխարհային գրականությունը ներկայացնող հյուրերը կմասնակցեն մասնագիտական քննարկումների, կհանդիպեն հայաստանյան բուհերի ուսանողների հետ, իրենց փորձն ու պատկերացումները կկիսեն ժամանակակից հայ գրողների հետ:
Այս տարի «Գրական տապանի» մասնակիցները կուղևորվեն նաև Արցախ, ուր ևս նախատեսված են բազմաթիվ հանդիպումներ ու քննարկումներ:
Փառատոնի ծրագրից կարելի է առանձնացնել սեպտեմբերի 27-ին նախատեսված միջոցառումներից մեկը: Հայ դասական երաժշտության հայր, բանաստեղծ, բանահավաք, ազգագրագետ, երաժշտագետ, խմբավար և մանկավարժ Կոմիտաս Վարդապետի (Սողոմոն Գևորգի Սողոմոնյան) ծննդյան օրը համաշխարհային գրականության ներկայացուցիչները կայցելեն Կոմիտասի անվան պանթեոն, որտեղ կմիանան «100 հազար պոետ՝ հանուն փոփոխության» նախաձեռնությանը՝ արվեստի միջոցով աշխարհը փոխելու վճռականությամբ:
Ինչպես նախորդ տարիներին, այս անգամ ևս «Գրական տապանը» անակնկալներ է պատրաստել հայ ընթերցողների համար: Փառատոնի այս տարվա առանցքային հյուրերից են լեհ հանրաճանաչ գրող Յանուշ Լեոն Վիշնևսկին և բրիտանացի Մեգ Ռոսոֆը:
Փառատոնի շրջանակներում Գաֆեսջյանարվեստի կենտրոնի հատուկ հանդիսությունների սրահում տեղի կունենա հանդիպում բրիտանացի հանրաճահայտ գրող Մեգ Ռոսոֆի հետ, որի ընթացքում կցուցադրվի նաև նրա ստեղծագործության հիման վրա նկարահանված «Ինչպես եմ ապրում հիմա» ֆիլմը:
Փառատոնի հաջորդ առանցքային միջոցառումը Յանուշ Լեոն Վիշնևսկու «Գրանդ» վեպի հայերեն թարգմանության շնորհանդեսն է, որը տեղի կունենա սեպտեմբերի 27-ին Երևանի Ռոյալ Թուլիփ Գրանդ հյուրանոցում (նախկին` Գոլդեն Թուլիփ):
Այս գրքի հրատարակման բացառիկությունն այն է, որ հայ ընթերցողն առաջին անգամ է հնարավորություն ունենում Վիշնևսկու գրականությունն ընթերցելու հայերենով` բնագրից արված թարգմանությամբ:
Լրահոս
Տեսանյութեր
Ոստիկանները Բագրատ Սրբազանին և ԱԺ պատգամավորներին թույլ չեն տալիս մուտք գործել Կիրանց