Նվեր՝ գեղանկարիչ Ջանիկ Գասպարյանին 88-ամյակի առիթով (լուսանկարներ)
Մարտի 2-ին Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանում բացվելու է գեղանկարիչ Ջանիկ Գասպարյանի անհատական ցուցահանդեսը: Այդ օրը լրանալու է արվեստագետի 88-ամյակը: Սա, ի դեպ, նկարչի առաջին անհատական ցուցահանդեսն է:
Նկարչի դուստրը` մուլտիպլիկատոր, բեմադրող նկարիչ Նաիրա Մուրադյանը Panorama.am-ի հետ զրույցում ասաց, որ հայրը երբեք չի ցանկացել անհատական ցուցահանդես ունենալ: Մարտի 2-ի ցուցահանդեսի մասին էլ, Ն. Մուրադյանի խոսքով, արվեստագետը տեղյակ չէ, անակնկալ է լինելու իր համար:
Ցուցահանդեսն անցկացվում է «Արտ-ակվարիում» նախագծի շրջանակում, կազմակերպիչն է Հայ-ռուսական համալսարանի համաշխարհային գրականության և մշակույթի ամբիոնի վարիչ Լիլիթ Մելիքսեթյանը: Panorama.am-ի հետ զրույցում նա ասաց, որ նախագծի շրջանակում արդեն մի քանի ցուցահանդես կազմակերպել է՝ քանդակագործներ Նունե Թումանյանի, Գևորգ Հարությունյանի, գեղանկարիչներ Անժելա Գալստյանի, Անուշ Առաքելյանի, Սևան Նաղաշի և այլոց:
«Այս նախագծի հիմնական նպատակն այն է, որ ուսանողները ծանոթանան ոչ միայն արվեստի, մշակույթի, գրականության պատմությանը, այլ ժամանակակից հայ արվեստի, ստեղծագործողների հետ»,- նշեց Լ. Մելիքսեթյանը՝ հավելելով, որ Հայաստանում շատ են բազմաշնորհ, տաղանդավոր նկարիչներ, որոնց մասին երիտասարդները շատ քիչ բան գիտեն:
«Ծանոթանալով Ջանիկ Գասպարյանի հետ, տեսնելով նրա ստեղծած կտավները, ապշեցի, որ կյանքում չի ունեցել անհատական ցուցահանդես: Որոշեցի, որ անպայման պետք է կազմակերպեմ: Պայծառ անձնավորություն է, հետաքրքիր, ֆանտաստիկ նկարիչ է»,- ասաց ցուցահանդեսի կազմակերպիչը:
Ցուցահանդեսում ներկայացվելու է մոտ 25 աշխատանքը: Ստեղծագործությունները բերվելու են նկարչի անձնական հավաքածուից:
«Ցանկացած այցելուի համար եզակի հնարավորություն է շնորհավորել արվեստագետին, շփվել պայծառ մարդու, տաղանդավոր նկարչի հետ, հաճույք ստանալ նրա գեղեցիկ աշխատանքներից, աշխարհի գեղեցկությունը տեսնելու և ուրիշներին ցույց տալու նրա կարողությունից»,- ասաց Լիլիթ Մելիքսեթյանը:
Ջանիկ Գասպարյանը ծնվել է 1927 թ. մարտի 2-ին Երևանում: 1947 թվականին ավարտել է Երևանի Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանը, 1953 թվականին` Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտը։ Ջանիկ Գասպարյանի ստեղծագործությունները պահպանվում են Հայաստանի ազգային պատկերասրահում, Երևանի ժամանակակից արվեստի թանգարանում, Մոսկվայի Արևելքի ժողովուրդների թանգարանում և այլուր:
Ջանիկ Գասպարյանը մինչ օրս էլ նկարում է` շարունակելով իր ուրույն ստեղծագործություններով հարստացնել հայ արվեստը:
Աշուն, 1966 թ.
Արևոտ օր, 1968 թ.
Շենքեր, 1980 թ.
Ծիրանի ծառեր, 1980 թ.
Ձմեռը Երևանում, 1986 թ.
Լրահոս
Տեսանյութեր
Բագրատ Սրբազան. ՔՊ անդամներ արդեն իսկ ներքին ուղերձներ են հղում, թե ինչպես կարող են միանալ մեզ