ՓՄՁ-ների ներկայացուցիչների մտահոգությունները անհիմն են ու անտեղի. Հովիկ Աբրահամյան
ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը կառավարության այսօրվա նիստում անդրադառնալով հոկտեմբերի 1-ից ուժի մեջ մտնող «Շրջանառության հարկի մասին» օրենքից ՓՄՁ-ների դժգոհություններին հայտարարեց, որ փոքր և միջին ձեռնարկատիրության ներկայացուցիչների մտահոգություններն անհիմն են ու անտեղի, կառավարությունը որևէ խնդիր չի դրել, որպեսզի ՓՄՁ-ներին ճնշի:
«Հակառակը, այս փաթեթով ամեն ինչ պետք է անենք, որպեսզի ՓՄՁ-ները կայանան: Մենք չենք հանդուժելու, որ ՓՄՁ-ները դառնան հարթակ, որպեսզի նպաստեն խոշորների կողմից հարկերը թաքցնելուն: Մեր թիրախը պետք է լինի խոշորը»,- ընդգծեց Հ.Աբրահամյանը:
Վարչապետը հանձնարարեց ՀՀ ֆինանսների նախարարությանը ձեռնպահ մնալ ՓՄՁ-ներում որևէ անհիմն ստուգումներից: Ըստ նրա` կան հրահրողներ, որոնք փորձում են տարածել անհիմն տեղեկատվություն, թե կառավարությունը փորձում է ճնշել ՓՄՁ-ներին: Վարչապետը անհիմն և անհասկանալի համարեց նաև այն, որ ՓՄՁ-ները ցանկանում են վերադառնալ շրջանառության հարկի 3,5 տոկոս դրույքաչափին, քանի որ նոր օրենքում այն նվազեցվել է 1 տոկոս:
ՀՀ ֆինանսների փոխնախարար Վախթանգ Միրումյանը ևս զարմանալի և անհասկանալի համարեց ՓՄՁ-ների անհանգստությունները՝ հոկտեմբերի 1-ից ուժի մեջ մտնող «Շրջանառության հարկի մասին» նոր օրենքի վերաբերյալ:
«ՓՄՁ-ներն անհանգստանալու ոչինչ չունեն, օրենքն ունի երկու կարգավորում, հարկային բեռի թեթևացում՝ 3,5 տոկոսից մինչև 1 տոկսս, որն աննախադեպ հարկային թեթևացում է: Երկրորդ՝ փասատթղթաշրջանաության ապահովում: Օրենքը ոչ թե վարչարարական հսկողություն իրականացնելու նպատակ ունի, այլ օրենքով գործիք է հանդիսանում՝ հնարավորություն ընձեռելով խոշոր ձեռնարկատիրության նկատմամբ իրականացնելու վերահսկողություն»,- նշեց Վ.Միրումյանը:
Ըստ փոխնախարարի` օրենսդրությամբ վարչարարությունն ուղղվել է խոշորին, իսկ ՓՄՁ-ները ֆինանսների նախարարության նպատակը չեն: Նա վստահեցրեց, որ հարկային մարմիններն անհարկի միջամտություններից ձեռնպահ են պահելու ՓՄՁ-ներին, որևէ միջամտություն ՓՄՁ-ների մասով տեղի չի ունենալու:
«Ընդամենը ռիսկային սուբյեկտների նկատմամբ տարբեր զգուշացումներից հետո իրականացվի հսկողություն և վարչարարական գործողությունները կուղղվեն միայն նրանց դեմ»,- ընդգծեց Վ.Միրումյանը:
Նա նաև նշեց, որ ՓՄՁ ներկայացուցիչների անհանգստությունը անհասկանալի է, քանի որ սա եզակի փաստաթղթերից է, որ անցել է բազմաթիվ քննարկումներ, այդ թվում նաև ՓՄՁ-ի հետ և դրական կարծիք է ստացել:
Նշենք, որ մինչ կառավարության նիստը սկսելը գործադիրի շենքի դիմաց տարբեր տոնավաճառների առևտրականները երկրորդ անգամ անցկացնում էին բողոքի ակցիա՝ պահանջելով հետ կանչել հոկտեմբերի 1-ից ուժի մեջ մտնող «Շրջանառության հարկի մասին» ՀՀ օրենքը: