Փոխվարչապետ. «Մենք բոլոր ջանքերը գործադրելու ենք, որ սակագնի օբյեկտիվ հաշվարկ լինի»
«Հայլուրին» հյուրընկալված փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը վստահեցրել է, որ էներգետիկ ոլորտում ընթացող զարգացումները, որոնք վերաբերում են էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման հիմնավորվածությանը և ՀԷՑ-ում տիրող վիճակին, կլինեն թափանցիկ, դրանց վերաբերյալ տեղեկատվությունը՝ հասանելի բոլորին:
«Երկու խորհրդատվություն է լինելու: Մեկը ՀԷՑ-ին աուդիտի ենթարկելն է` արդյոք կա՞ն վատնումներ, չարաշահումներ, թե՞ չկան: Երկրորդը ավելի շատ վերաբերում է կարգավորողի ՝ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի գործունեությանը . արդյոք հանձնաժողովը ճի՞շտ է կատարել հաշվարկները և իր առջև դրված խնդիրները»,- ասել է Վաչե Գաբրիելյանը:
Նա ընդգծել է, որ կառավարությունը աուդիտի անցկացման ամբողջ ընթացքում 6,93 դրամի բեռը վերցնելու է իր վրա, բայց եթե եզրակացությամբ նշվի, որ թանկացումն օբյեկտիվ չէր, ապա ՀԷՑ-ին տված գումարները հետ է վերցնելու:
«Միանշանակ, կարող եմ հայտարարել, որ դրա արդյունքում ոչ մի սոցիալական կամ այլ ծախս չի կրճատվի»,- ասել է նա:
Ինչ վերաբերում է էներգետիկ համակարգի խնդիրներին, ապա դրանք, ըստ Գաբրիելյանի, միշտ էլ կառավարության ուշադրության կենտրոնում են եղել, պարզապես, վերջին զարգացումները բերեցին նրան, որ ոլորտի վերաբերյալ հանրային քննարկումները այսուհետ լինեն շատ ավելի մանրամասն և համապարփակ:
Փոխվարչապետը հայտնել է նաև, որ ՀԾԿՀ որոշումը քննարկվելու է երկու տեսանկյունից` արդյոք ճի՞շտ էին հաշվարկները, և որո՞նք կլինեին սակագինը չթանկացնելու հետևանքները:
«Մենք բոլոր ջանքերը գործադրելու ենք, որ օբյեկտիվ հաշվարկ լինի և տեղեկատվությունը տրամադրվի հանրությանը: Մեծ ուրախությամբ կընդգրկենք փորձագետների, հանրային մեծ ակտիվություն ցուցաբերող երիտասարդների, որ վստահությունն ամրապնդվի: Սա կարևոր է, որպեսզի ինքնակազմակերպում տեղի ունենա, առաջ գան այն մարդիկ, որոնք իրենց վրա կվերցնեն ծանրության այդ բեռը»,- եզրափակել է Վ. Գաբրիելյանը:
Նախորդող հրապարակում`
Դ. Հարությունյան.Աուդիտ իրականցնող կազմակերպության ընտրության հարցում կներգրավվեն ակտիվիստներն ու ընդդիմությունը