Եվրադատարանում պարտության համար պետությունը պետք է պատասխանատու լինի, ոչ թե դատավորը. Արա Ղազարյան
Հայաստանի դեմ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կայացրած որոշման համար պատասխանատվություն պետք է կրի պետությունը, այլ ոչ թե դատավորը: «Կայացրած որոշման համար դատավորը չպետք է պատասխանատվության ենթարկվի, որովհետև դա կազդի դատավորների անկախության վրա: Քանի դեռ հանցագործություն չեն կատարել, ուրեմն պատասխանատվության չպետք է ենթարկվեն», -Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում խոսելով ՄԻԵԴ-ում Հայաստանի դեմ կայացված վճիռների ու դրանց հետևանքների մասին, ասաց ՀՀ Փաստաբանների պալատի փաստաբան, միջազգային իրավունքի մասնագետ Արա Ղազարյանը:
Նրա խոսքով, եթե դատավորին ենթարկում են պատասխանատվության, ապա պատասխանատվության պետք է կանչվեն նաև Վերաքննիչի, Վճռաբեկի դատավորները, քննիչները, դատախազները, որոշ գործերով էլ` ոստիկանությանը: «Այդ ամենը նախ ոչնչով չի նպաստի տվյալ անձի խախտված իրավունքը վերականգնելու համար և հետո որևէ դրական զարգացումներ չի բերի: Բոլոր դեպքերում պատասխանատուն մեկն է` պետությունը», -նկատեց Արա Ղազարյանը` ընդգծելով, որ դատավորին պետությունն է նշանակել և պատասխանատուն էլ պետությունը պետք է լինի:
Փաստաբանն ասաց, որ պետությունը սեփական գանձարանից պետք է բարոյական վնաս փոխհատուցի «զոհին» և հենց այս դեպքում հարկատուները պետք է մտածեն տեր կանգնել իրենց գումարներին: «Եվ եթե անհրաժեշտություն լինի, նրանք հանրահավաք կարող են կազմակերպել, պահանջել, որպեսզի իրենց գումարները չմսխվեն, պահանջել, որպեսզի բարեխիղճ պաշտոնյաներ նշանակեն այդ պաշտոններին: Այ սա կլինի ժողովրդավարական ինքնակարգավորում», -նկատեց փաստաբանը:
Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի դեմ կայացված վճիռների համար մեղավորներ գտնելու փորձերը, փաստաբանին հիշեցնում են Հայաստանի կառավարության այսօրվա գործելակերպը:
«Կառավարությունն այսօր պայքարում է կոռուպցիայի դեմ քննիչին, դատախազին պատասխանատվության է ենթարկում, բայց կոռուպցիան չի վերանում, այլ հակառակը` ավելանում է: Համակարգային փոփոխություններ են ահրաժեշտ», -ասաց Արա Ղազարյանը:
Անցած 10 տարիներին Հայաստանի Հանրապետությունից ՄԻ եվրոպական դատարան ուղղարկված հարյուրավոր հայցերով ընդհանուր առմամբ պետությունից պահանջվել է 15.309.867,30 ԱՄՆ դոլար փոխհատուցման գումար: Եթե համեմատենք արտարժույթի այսօրվա փոխարժեքներով (1 դոլարը՝ 405,47 դրամ, 1 եվրոն՝ 527,03 դրամ), ապա կարելի է նշել, որ հայցվորների պահանջների ընդհանուր ծավալը կազմել է 11.778.631 եվրո: Ստացվում է, որ եվրոպական դատարանը բավարարել է հայաստանցի հայցվորների պահանջի չնչին մասը՝ մոտ 4%-ը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանում փոքրահասակ բնակչության շրջանում բավականին տարածված է գժախոտով թունավորումը. Ռ. Աբովյան