Դատավորը որոշել է մերժել «Ժողովուրդ»-ի դեմ հայցը
Մարտի 19-ին Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արայիկ Մելքումյանը որոշել է մերժել «Ժողովուրդ» օրաթերթի դեմ ներկայացված դատական հայցը, տեղեկացնում է թերթը:
Հիշեցնենք, որ «Ժողովուրդ» օրաթերթի խմբագրությունը «Հայփոստ»-ի միջոցով ոմն Գուրգեն Աղաջանյանի անունով նամակ էր ստացել ՀՀ ԿԱ անշարժ գույքի կառավարման վարչության նախկին պետ, ՀՀԿ-ական Կարինե Կիրակոսյանի ու վարչության ներկայիս պետի տեղակալ Աշոտ Մարկոսյանի վերաբերյալ: «Ժողովուրդ»-ը զրուցել էր տիկին Կիրակոսյանի հետ և ներկայացրել նաև նրա մեկնաբանությունը: Մեր հրապարակման հաջորդ օրը խմբագրություն էր այցելել Գուրգեն Աղաջանյանը և հայտարարել, թե այդ նամակի հեղինակն ինքը չէ, այն ինչ-որ մեկը գրել է իր անունից: Ապա որոշել էր «վիրավորվել» Կիրակոսյանի և Մարկոսյանի փոխարեն և դատի տալ «Ժողովուրդ» օրաթերթին:
Նշենք, որ «Հայփոստ»-ից ստացած նամակի վրա առկա էր հասցե և հասցեատիրոջ անուն-ազգանունը, բազմաթիվ կնիքներ. մի խոսքով, այն ամենը, ինչ պահանջվում էր նամակի համար: Իսկ նամակը, որը հրապարակվել է «Ժողովուրդ»-ի 131-րդ համարում, այսպիսի բովանդակություն ուներ. «Կարինեն Աբովյան փողոցի իր բնակարանը ստացել է որպես կաշառք, և դժվար չէ պատկերացնել, թե դրա դեմ ինչպիսի խախտումներ են արել այդ գործի գիտակ Աշոտ Մարկոսյանի հետ, տիկին Կիրակոսյանը նման խարդախություններն իրականացնում է` հանրապետության ղեկավարության աչքերին թոզ փչելով»: Նամակում կոչ էր արված ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանին` վարչությունը «մաքրել Աշոտ Մարկոսյանից և մի քանի նման տականքներից»: Նկատեցի՞ք` այս խոսքերը «վիրավորել» էին ոչ թե Մարկոսյանին կամ Կիրակոսյանին, այլ ոմն Աղաջանյանին: Դրա համար էլ Գուրգեն Աղաջանյանը դիմել էր դատարան` «Ժողովուրդ» օրաթերթից պահանջելով վճարել 800 հազար դրամ: Սակայն ՙվիրավորված՚ քաղաքացիները` Մարկոսյանն ու Կիրակոսյանը, գրեթե 2 տարվա ընթացքում ոչ մի անգամ դատական նիստի այդպես էլ չներկայացան: Եվ երեկ դատավորը որոշեց մերժել հայցը:
Տեղեկացնենք նաև, որ այսօր` ժամը 16:00-ին, Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում տեղի է ունենալու «X գրուպ» ընկերության սեփականատեր Խաչիկ Խաչատրյանի` «Ժողովուրդ» օրաթերթի և լրագրող Սոնա Գրիգորյանի դեմ ներկայացրած հայցի քննությունը: Հիշեցնենք, որ խոսքն այն օլիգարխի մասին է, որն իրեն անցանկալի հարց տալու համար «Ժողովուրդ»-ի թղթակցին հայհոյել էր: Արդյունքում` «Ժողովուրդ» օրաթերթը և լրագրող Սոնա Գրիգորյանը Խաչատրյանին դատի էին տվել` պահանջելով հրապարակային ներողություն խնդրել: Եվ ահա մեկ ամիս սպասելուց հետո «X գրուպ»ընկերության սեփականատեր Խ. Խաչատրյանը որոշեց վիրավորվել և դատական հայց ներկայացնել «Ժողովուրդ» օրաթերթի և լրագրող Ս. Գրիգորյանի դեմ` իրեն վիրավորելու և զրպարտելու դիմաց պահանջելով 6.2 մլն դրամի փոխհատուցում:
Լրահոս
Տեսանյութեր
«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը