Գյումրիում կրակոցների գործով տներում խուզարկություններ են կատարվել. Նոր մանրամասներ
Գյումրիում ապրիլի 23-ին տեղի ունեցած կրակոցների կապակցությամբ հարուցված քրեական նախաքննության ընթացքում՝ ապրիլի 25-ին, ժամը 22.00-ին, խուզարկություն է կատարվել Գյումրի քաղաքի Կուրղինյան փողոցի բնակիչ, 1958 թ. ծնված Աշոտ Կ.-ի տանը, որտեղից հայտնաբերվել և առգրավվել է 12 մմ տրամաչափի որսորդական 10 փամփուշտ, ինքնաձիգի 5,45 մմ տրամաչափի 2 փամփուշտ և 5,6 մմ տրամաչափի օղակաձև բոցավառման 1 փամփուշտ: Ոստիկանության լրատվական ծառայությունից տեղեկացնում են, որ Աշոտ Կ.-ն ստորագրությամբ բաց է թողնվել:
Նույն գործի շրջանակներում՝ ապրիլի 26-ին կատարված խուզարկությունների արդյունքում, Գյումրի քաղաքի Տերյան փողոցի բնակիչ, 1961 թ. ծնված Հովհաննես Գ.-ի տնից հայտնաբերվել և առգրավվել է «Սայգա» տիպի որսորդական հրացան, «Սայգա-ՄԿ» տիպի 2 հրացան, 1987 թ. ծնված Ժորա Մ.-ին պատկանող, Խրիմյան Հայրիկի փողոցում գործող «Ռելաքս» ակումբից` «Վալտեր» տիպի գազային ատրճանակ և 9 մմ տրամաչափի գազային ատրճանակի 3 փամփուշտ, իսկ Ղորղինյան փողոցի բնակիչ, 1958 թ. ծնված Էդվարդ Տ.-ի տնից` «Յուսան» տիպի որսորդական հրացան և «ՌԶՈՆ ՌԳ 59» տիպի գազային ատրճանակ:
Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն: Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:
Ավելի վաղ Panorama.am-ը տեղեկացրել էր, որ որ ապրիլի 23-ին Գյումրիում հնչած կրակոցների հետևանքով հրազենային վնասվածքներով Գյումրիի հիվանդանոց էին տեղափոխվել Հարություն Խաչատրյանը և Արտյոմ Կարապետյանը` Շեկոն, որը ստացած վնասվածքներից մահացել էր: Կատարվածի կապակցությամբ ձերբակալված Վահե Ղուկասյանը, որը Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի եղբոր որդին է, խոստովանել է, որ ինքն է կատարել հանցանքը:
Կատարվածի կապակցությամբ ձերբակալվել էր նաև Հարություն Խաչատրյանի որդին` Գևորգ Խաչատրյանը, որը կրակել էր Վ. Ղուկասյանի վրա:
Դեպքի առթիվ քրեական գործ էր հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով (Սպանությունը, որը կատարվել է շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով) և 235 հոդվածի 1-ին մասով (Ապօրինի կերպով հրազեն, բացի ողորկափող հրազենից և դրա փամփուշտներից, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտներ, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը)։ Դեպքի վայրի զննության ընթացքում հայտնաբերվել են արնանման հետքեր, ինքնաձիգի 4 պարկուճ, «Մակարով» ատրճանակի 3 պարկուճ և 1 կրակված գնդակ:
Գյումրիի կրակոցներ. Ձերբակալվել է Վ. Ղուկասյանի վրա կրակած երիտասարդը
Գյումրիի կրակոցներ. Վ. Ղուկասյանը խոստովանել է կատարած հանցանքը
Լրահոս
Տեսանյութեր
Բագրատ Սրբազան. Գիտենք թշնամու ախորժակը և այն, թե մեր իշխանություններն ինչպես են վերաբերվում դրան