«Խնդրում եմ, դատական նիստում կարգը պահպանեք». Շարունակվել է Կարեն Եսայանի սպանության գործով դատը
Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում այսօր շարունակվել է Վարդան Ղուկասյանի դստեր փեսացու Կարեն Եսայանի սպանության գործի դատաքննությունը: «ԳԱԼԱ»-ն տեղեկացնում է, որ նախորդ անգամ դատական նիստը ընդմիջվել էր, երբ սպանված երիտասարդի՝ Կարեն Եսայանի մոր՝ Անահիտ Իսկանդարյանի ներկայացուցիչ Վարդուհի Էլբակյանը դատարանին միջնորդել էր ամբաստանյալ Հարություն Սարգսյանի նկատմամբ քրեական գործ հարուցելու վերաբերյալ որոշում կայացնել, որպեսզի հետո այդ որոշումը ներկայացնեին Շիրակի մարզի դատախազին: Ըստ տուժողի ներկայացուցիչների, ամբաստանյալ Հարություն Սարգսյանը վիրավորական արտահայտություններ էր թույլ տվել սպանված Կարեն Եսայանի մոր ներկայացուցիչներից Արմեն Մելքոնյանի նկատմամբ:
Այսօրվա դատաքննությունը շարունակվելուն պես Հարություն Սարգսյանի փաստաբան Լուսինե Սահակյանը դատարանից պահանջել է, որ դատարանը անկողմնակալ որոշում կայացնի: Ըստ Լ. Սահակյանի՝ նախ տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ իրավաբանն է վիրավորել ամբաստանյալի փաստաբանին, որին հաջորդել է ամբաստանյալի խոսքը, ինչից վիրավորվել են:
«Ոչ ոք չի փորձում անդրադարձ կատարել, թե ինչու այս ամենը սկսվեց: Եթե պետք է միջնորդել քրեական գործ հարուցվի, ապա պետք է միջնորդվի քրգործ հարուցել նախ և առաջ տուժողի իրավահաջորդի և տուժողի իրավահաջորդի ներկայացուցչի նկատմամբ, որոնք բազմիցս վիրավորական արտահայտություններ են իրենց թույլ տվել նախորդ դատական նիստերի ժամանակ: Հնչել է վիրավորական արտահայտություն պաշտպանական կողմի նկատմամբ, հարգելի դատարան: Խնդրում եմ, Դուք դատական նիստում կարգը պահպանեք, և եթե Դուք կարողանում եք պահպանել կարգը, պահանջեք, որ կողմերը հարգեն միմյանց: Ընդ որում, խնդրում եմ, որ Դուք կողմնակալ վերաբերմունք չունենաք մի կողմի նկատմամբ: Վարդան Ղուկասյանը եկավ, դատարանի դահլիճում վիրավորական արտահայտություններ թույլ տվեց, սպառնաց կողմերին, վիրավորեց դատարանին, թողեց ու հեռացավ: Ի՞նչ արեց դատարանը. Ասաց` ոչ մի բան չեմ լսել, ոչ մի բան չեմ տեսել... Այսքանից հետո, հարգելի դատարան, թողնում եմ Ձեր հայեցողությանը, շատ ուշադիր կհետևեմ՝ ինչ որոշում եք կայացնում և կփորձեմ հետևություն անել՝ որքանով եք Դուք անկողմնակալ, որովհետև մեր նկատմամբ Դուք անկողմնակալ չեք», դատարանում հայտարարել է Լուսինե Սահակյանը:
Ըստ աղբյուրի, փաստաբանի այս հայտարարությունից հետո դատարանը որոշումել է քրեական գործ հարուցելու մասին միջնորդություն չներկայացնել, քանի որ գտել է, որ փոխադարձ վիրավորանքներ են հնչել, և դատարանը դիտողություն է արել: Սա հարուցել է տուժող կողմի ներկայացուցիչների դժգոհությունը, ովքեր դատարանից որոշման գրավոր տարբերակ են պահանջել՝ ըստ ամենայնի հետո ձայնագրող կրիչի հետ դատախազություն ներկայացնելու համար:
Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչը դատարանում հայտարարել է.
«Դատարանը մեր միջնորդությունը չբավարարեց, որից հետո մենք դիմելու էինք Շիրակի մարզի դատախազին՝ քրեական գործ հարուցելու, որովհետև դատարանում տեղի ունեցավ հանցագործություն: Ցավոք, իմ արտասանած խոսքերը սխալ են մեկնաբանել, և ցավոք, նաև դատավորն է սխալ մեկնաբանում: Բարեբախտաբար իմ ձեռքին կա կրիչ, որտեղ ես երկու անգամ լսել եմ ձայնագրությունը և կարող եմ տրամադրել ցանկացած լրատվամիջոցի, որ լսեն իմ խոսքերը: Որևէ մեկի նկատմամբ ես վիրավորական արտահայտություններ իմ կողմից թույլ չեմ տվել, պետք չէ իմ խոսքերը խեղաթյուրել և մեկնաբանել այնպես, ոնց որ...Ես այն դաստիարակությունը ունեմ, որ անտեղի երբևէ որևիցե մեկին չեմ վիրավորել և չեմ վիրավորելու»:
Այս միջնորդության քննությունից հետո դատարանումշարունակվել է գործին առնչվող տեսանյութերի դիտումը, որը ևս ուղեկցվել է կողմերի միջև վիճաբանություններով ու տարակարծություններով:
Կարդացեք նաև`
Արմեն Եսայանը դեմ է եղել, որ եղբայրը ամուսնանա Վարդան Ղուկասյանի դստեր հետ. Նոր մանրամասներ ցուցմունքից