Արմեն Դարբինյանը պատրաստ է երաշխավորել Վարդան Պետրոսյանի համար
Հայ-սլավոնական համալսարանի ռեկտոր Արմեն Դարբինյանը պատրստ է երաշխավորել Վարդան Պետրոսյանի համար և այդ մասին հայտարարությամբ նա հանդես է եկել իր ֆեյսբուքյան էջում:
Նա մասնավորապես, իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Վարդան Պետրոսյանի հետ կատարվածը ահավոր մեծ փորձություն է մեր բարոյականության և ոգու համար: Կծկտուր տեղեկատվությունից կարելի է ենթադրել, որ մեղքի իր բաժինը անկասկած ունի և պատրաստ է պատասխան տալու: Երկրից դուրս գալու, անհասանելի դառնալու գոնե ֆորմալ պատճառներն էլ կարծես վերացված են, Ֆրանսիայի քաղաքացու անձնագիրը հանձնված է: Դրա հետ մեկտեղ, արդարադատությունից խուսափելու, քննության ընթացքը խոչընդոտելու որևէ դրսևորում կամ վտանգ կարծես թե չկա: Այս ամենի համատեքստում նրա հապճեպ կալանավորումը, առանց բազմակողմանի քննության, առանց անգամ նրան հարցաքննելու, համարում եմ ուժի անհամաչափ գործադրում նույն վթարի արդյունքում առողջական լրջագույն խնդիրների առաջ կանգնած մարդու նկատմամբ:
Սույնով ես` Արմեն Դարբինյանս, որպես ՀՀ քաղաքացի, ճանաչելով Վարդանին և ընդունելով իր ԲԱՐՁՐ արվեստը, իմ անձով և գոյությամբ ԵՐԱՇԽԱՎՈՐՈՒՄ ԵՄ նրա կողմից գործի քննությանը առավելագույնս նպաստելու վարքը և պատրաստակամությունը: Խնդրում եմ Վարդանի փաստաբաններին սույն գրությունը համարել որպես պաշտոնական ԵՐԱՇԽԱՎՈՐԱԳԻՐ` ՀՀ դատական ատյաններում նրա նկատմամբ խափանման միջոցը փոխելու գործառույթներում»:
Վարդան Պետրոսյանի նկատմամբ մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով՝ «Ավտոմեքենա կամ մեխանիկական այլ տրանսպորտային միջոց վարող անձի կողմից ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի մարդու մահ»: Այս արարքը ՀՀ Քրեական օրենսգրքով պատժվում է ազատազրկմամբ` 4-ից 10-ը տարի ժամկետով` որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` առավելագույնը երեք տարի ժամկետով: Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը նոյեմբերի 9-ին բավարարել էր նախաքննական մարմնի միջնորդությունը, և այժմ նա կալանքի տակ է:
Ավելի վաղ Panorama.am-ը տեղեկացրել էր, որ հոկտեմբերի 20-ին Եղվարդ-Երևան ճանապարհի 2-րդ կմ-ին «ԲՄՎ-320» և «ՎԱԶ-2121» մակնիշի մեքենաների բախումից մահվան ելքով վթար էր տեղի ունեցել: Վարդան Պետրոսյանը վարել է «ԲՄՎ-320» մակնիշի մեքենան: Վթարի հետևանքով դերասան Վ. Պետրոսյանը տեղափոխվել էր «Էրեբունի» բժշկական կենտրոն: Բացի Պետրոսյանից, վթարի հետևանքով ծանր վնասվածքներով հիվանդանոցներ էր տեղափոխվել ևս 6 մարդ: «Վազ 2121» մակնիշի մեքենայի ուղևորներից հորեղբոր որդիներ Էդգար և Էդուարդ Հակոբյանները մահացել էին:
Լրահոս
Տեսանյութեր
Գևորգ Դանիելյան. Շատ վատ է, որ մենք չենք օգտագործում Սահմանադրության անվտանգության բարձիկները