Տանձուտում դժբախտ պատահարի գործով նախաքննությունը «ոստիկանությունը թերի է արել», դատարանն արդարացրել է գործարարին
Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտի հրապարակած վիճակագրության համաձայն, 2013թ-ին ՀՀ առաջին ատյանի դատարաններում ստացվել է ավելի քան 4 հազար քրեական գործ, ինչը 2012-ի համեմատ, նվազել է գրեթե 5 տոկոսով:
Դատարան ստացված քրեական գործերից մեկն էլ Արմավիրի մարզի «Տնա-Շին Աշոտ» ՍՊ ընկերության տնօրենի նկատմամբ հարուցված քրեական գործն էր, որով Արմավիրի մարզի առաջին ատյանի դատարանի նախագահ Հրաչիկ Սարգսյանը կայացրել է արդարացման դատավճիռ, և արմավիրցի 59-ամյա Վաչագան Գրիգորյանը, որը մեղադրվել է անզգուշությամբ մահ պատճառելու համար, արդարացվել է:
Նախաքննական մարմնի` ՀՀ ոստիկանության Քննչական գլխավոր վարչության Արմավիրի մարզի քննչական բաժնի կողմից Վաչագան Գրիգորյանը մեղադրվել է այն բանի համար, որ նա 2009թ-ից շուրջ երեք տարի ղեկավարել է «Տնա-Շին Աշոտ» ՍՊ ընկերությունը և այդ ընթացքում խախտել է Տանձուտ գյուղում գտնվող ավազի արտադրամասը սնող բարձր լարման օդային գծի անվտանգ շահագործման պայմանները: Գրիգորյանը նշված օդային գիծը շահագործել է վթարային վիճակում` չպահպանելով հաղորդալարերից մինչև հողի մակերևույթ պահանջվող նվազագույն 6մ-ից ոչ պակաս հեռավորությունը, որը որոշ տեղամասերում հասել է նույնիսկ 4մ-ի: Նա նաև միջոցներ չի ձեռնարկել նշված թերությունները վերացնելու և անվտանգ շահագործումն ապահովելու ուղղությամբ։
2012-ի ապրիլի 30-ին Երևանի բնակիչ Տիգրան Խաչատրյանն իր ընկերների հետ գնացել է Տանձուտ գյուղի տարածքում գտնվող լճի ափ` ոչ դիէլեկտրիկ նյութից պատրաստված 474,5 սմ երկարություն ունեցող ձկնորսական կարթով ձուկ որսալու:
Տեսնելով, որ իրենց ընտրած տեղն այնքան էլ հարմար չէ ձկնորսության համար` տղաները որոշել են տեղափոխվել այլ վայր։ Այդ ժամանակ Տիգրանը, վերը նշված ձկնորսական կարթը ձեռքին, բացված վիճակում, թեքությամբ դեպի վեր պարզած, չնկատելով նույն լճի եզրով անցնող օդային գծի հաղորդալարերի` իբրև սահմանվածից ցածր` 4,75 մետր լինելը, փորձել է անցնել դրանց տակով, սակայն կարթի ծայրով պատահաբար հպվել է բարձր լարման հաղորդալարին և էլեկտրահարվել։ Ընկերները նրան անմիջապես տեղափոխել են հիվանդանոց, սակայն վերջինս ճանապարհին մահացել է։
Վաչագան Գրիգորյանը, սակայն, ՀՀ քր. օր-ի 109 հոդվածի 1-ին մասով առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր չի ճանաչել և դատարանին հայտնել է, որ ինքը որևէ հանցագործություն չի կատարել: Նա նշել է, որ դեպքի ժամանակ տուժողն անփութություն է ցուցաբերել, ինչի հետևանքով էլ տեղի է ունեցել ողբերգական դեպքը: Գրիգորյանը դատարանին հայտնել է նաև, որ իր արարքի և Տիգրան Խաչատրյանի մահվան միջև պատճառական կապ չկա և խնդրել դատարանից արդարացնել իրեն։
Դատարանը պարզել է, որ Տիգրան Խաչատրյանի մահը դժբախտ պատահար է եղել
Դատարանը վերլուծել է քրեական գործի նախաքննության և դատաքննության ընթացքում ձեռք բերված ապացույցները և հանգել այն եզրակացության, որ Վաչագան Գրիգորյանի կողմից հանցագործություն կատարելու հանգամանքը հիմնավորված չէ, քանի որ իրեղեն ապացույց ճանաչված ձկնորսական կարթի զննությամբ պարզվել է, որ տուժողի ձեռքին եղած կարթն ունեցել է 5մ երկարություն, իսկ հաղորդալարերի տակ եղած հողաթումբն, ինչի վրայով նա ցանկացել է այդ պահին անցել, ունեցել է 40-80 սմ բարձրություն։ Հաշվի առնելով նաև նրա հասակը, ինչը եղել է շուրջ 1մ 80 սմ ու նաև այն հանգամանքը, որ դեպքի ժամանակ ձկնորսական կարթն ամբողջությամբ եղել է բացված` ուղղահայաց դիրքով, ծայրից բռնած, ուստի նման պայմաններում կարթի երկարությունը, տուժողի մարմնի բարձրությունը և հողաթմբի նույնիսկ ամենացածր հատվածի բարձրությունը գումարելու դեպքում կստացվի, որ ձկնորսական կարթը վեր է պարզված եղել` ունենալով շուրջ 6մ 60սմ երկարություն, որը գերազանցում է նորմատիվ ակտերով հաղորդալարերի համար նախատեսված 6մ բարձրությունը։ Հետևաբար, դատարանը եզրակացրել է, որ տուժողի մահը վրա է հասել ոչ թե Վաչագան Գրիգորյանի կողմից հանցանք կատարելու պատճառով, այլ Տիգրան Խաչատրյանի անուշադրության և անվտանգության պաշտպանության պահանջները խախտելու հետևանքով: Այսինքն` դատարանը նշել է, որ Տիգրան Խաչատրյանի մահը դժբախտ պատահար է, առավել ևս, որ տուժողի ձկնորսական կարթը եղել է փոխագուցավոր կարբոնե, որի օգտագործումը նշված գոտում արգելվում է, ու նա այդ մասին տեղյակ է եղել։
Դատարանը պարզել է, որ նախաքննական մարմինը կատարել է թերի քննություն
Դատարանը կատարել է նաև տեղանքի զննություն, ինչի արդյունքում հիմնավորվել է, որ այդ հատվածում տեղանքն ունի տարբեր բարձրություններ` 40-80 սմ հողաթումբ, իսկ կարթի երկարությունը եղել է 5 մետր։ Այդ հանգամանքը վկայել է, որ նախաքննական մարմինն իրականացրել է թերի քննություն, և մեղադրանքի հիմքում դրվել են միայն ենթադրություններ` հաշվի չառնվելով փորձագետի եզրակացությամբ հիմնավորված հանգամանքները:
Հիմնավորվել է նաև, որ հաղորդալարերն անցել են Տանձուտի հողատարածքներով, ինչը նշանակում է, որ դրանց պահպանման համար պատասխանատու են նաև տվյալ համայնքի ղեկավարությունն ու այլ մարմիններ։ Արմավիրի դատարանի ուշադրությանն է արժանացել նաև այն հանգամանքը, որ գործով ձեռք չեն բերվել բավարար ապացույցներ` հիմնավորելու ամբաստանյալին առաջադրված մեղադրանքի հիմքերը և սպառվել են այդպիսի ապացույցներ ձեռք բերելու բոլոր հնարավորությունները, նույնիսկ չի պահպանվել դեպքի վայրը. ապամոնտաժվել է բարձր լարման էլեկտրահաղորդման օդային գիծը։ Չի նշվել, թե կոնկրետ որ օրենքն է խախտվել, որի արդյունքում էլ վրա են հասել վտանգավոր հետևանքները։ Հետևաբար դատարանը գտել է, որ ամբաստանյալի մեղքը ՀՀ քր. օր-ի 109 հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքում հիմնավորված չէ. վերջինիս արարքում բացակայում է հանցակազմը։
Դատարանը նշել է, որ դատաբժշկական փորձագետի եզրակացության համաձայն` Տիգրան Խաչատրյանի մարմնի վրա և օրգանիզմում հայտնված հետքերն ապացուցում են, որ մահը վրա է հասել տեխնիկական էլեկտրահարության հետևանքով։ Դեպքի վայրում կատարվել են նաև չափումներ, որի արդյունքում պարզվել է, որ հոսանքահարման տեղում հաղորդալարերից մինչև գետին եղած հեռավորությունը կազմել է 4մ 90սմ, իսկ հոսանքահարման տեղից մինչև մոտակա հենասյունը հեռավորությունը եղել է 17մ, երկու հենասյուների միջև եղած հեռավորությունն էլ կազմել է 80մ, որի միջնամասում հաղորդալարը գետնից բարձր է 4մ 10սմ-ով: Չափումները կատարվել են քննիչի կողմից մատնանշված վայրում և էլեկտրահարվելու տեղում հոսանքալարերից մինչև գետին բարձրությունը կազմել է 4մ 90 սմ, ընդ որում չափումները կատարել են հողաթմբի վրայից և ոչ թե գետնից։
Տուժողի իրավահաջորդն ամբաստանյալից մեկուկես միլիոն գումար է պահանջել
Տուժողի իրավահաջորդ Աշոտ Խաչատրյանը` Տիգրանի հայրը, դատարանում պնդել է, որ նշված հոսանքալարերը եղել են սահմավածից ցածր, ինչն էլ եղել է իր որդու մահվան պատճառը։ Հայտնել է, որ ինքն ամբաստանյալ Գրիգորյանից պահանջում է 1 մլն 500 հազար դրամ գումար` որպես հանցագործությամբ պատճառված վնասի և կերակրողին կորցնելու հետ կապված վնասների հատուցում։ Սակայն դատարանը վճռել է առանց քննության թողնել տուժողի իրավահաջորդի կողմից ներկայացված քաղաքացիական հայցը:
Դատարանը պարզել է, որ գործի բոլոր ապացույցները չեն համադրվել ու չի պարզվել անգամ դեպքը հանցագործության հետևանքո՞վ է, թե՞ տեղի է ունեցել պատահար, ուստի Գրիգորյանի վերաբերյալ քրեական հետապնդումը ենթակա է դադարեցման ու նա պետք է արդարացվի, ինչև արվել է։
Տուժողի իրավահաջորդը, սակայն բողոքարկել է Արմավիրի մարզի առաջին ատյանի դատարանի որոշումը, բայց Վերաքննիչ քրեական դատարանը անփոփոխ է թողել առաջին ատյանի դատարանի վճիռը: Վճռաբեկ բողոք չի ներկայացվել: