Վերին էշելոններում մարդիկ զգաստ են, բայց միջին օղակներում բորենիների համաստեղություն է. ՍԴ նախագահ
«Ի՞նչ է նշանակում Սահմանադրություն` սահման դնե՞լ, իսկ ինչի՞ն է սահման դրվում: «Որոգայթ փառաց»-ը տալիս է դրա հստակ պատասխանը: Սահման է դրվում բոլոր այն մարդկանց իշխանությանը, ովքեր այդ իշխանությունը փորձում են օգտագործել հանուն իրենց փառքի»,- այսօր Արմավիրում բացատրելով «սահմանադրություն» բառի ստուգաբանությունը և անդրադառնալով հայկական առաջին սահմանադրությանը հայտարարեց Սահմանդրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի նախագահ, ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը:
Նշենք, որ ՍԴ բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամները ՍԴ բարեփոխումների հայեցակարգի նախագծի քննարկումներն այս փուլում անցկացնում են Հայաստանի մարզերում. Մինչ այդ հանձնաժողովի անդամները եղել էին Արարատի ու Արագածոտնի մարզերում:
Հանձնաժողովի նախագահը բացատրեց` երկրների սահմանադրություններն ունեն հիմնական 2 ուղղություն` կամ լինում են իշխանակենտրոն, կամ մարդակենտրոն: Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա մեր երկրում, նրա խոսքով, անկախությունից հետո իշխանակնետրոն մոդելի Սահմանադրություն ենք ունեցել:
«Այո, մենք ունեցանք Սահմանադրություն, որը ստեղծեց պետական հզոր հիմքեր, բայց այն այդպես էլ մարդակենտրոն չդարձավ: 2003-ին նախաձեռնած սահմանադրական բարեփոխումները, պետք է ասենք, որ տապալվեցին, եղան նախագահական, հետո` խորհրդարանական ընտրություններ, ու հայտնի դեպքերից հետո հասարկությունը գրեթե կանգնած էր քաղաքացիական պատերազմի եզրին, և բարեփոխում կատարելու ծրագիրը ձախողվեց»,- հայտարարեց Գագիկ Հարությունյանը:
Նրա խոսքով, եթե իշխանության հայեցողության սահմանները հստակեցված չեն, իշխանության գլուխ կանգնած մարդիկ ինչ ուզեն, ինչպես ուզեն, այդպես էլ կանեն: Այնուհետև հավելեց. «Վերին էշելոններում մարդիկ զգաստ են, բայց միջին օղակներում բորենիների համաստեղություն է տիրում»:
Այս քննարկման ընթացքում ևս պարոն Հարությունյանը անդրադարձավ Հայաստանում Սահմանադրության դրույթների իրագործմանն ու կրկնեց բազմիցս ասված միտքը` Սահմանադրության մեջ կան տասնյակից ավել նորմեր, որոնք հռչակագրային են և չեն կիրառվում կյանքում ու, որպես օրինակ, մատնանշեց այն, որ Սահմանադրությամբ պատգամավորները չպետք է զբաղվեն ձեռնարկատիրությամբ:
ՍԴ նախագահի համար մեկ երևույթ ևս մտահոգիչ է` «Դատական, օրենսդիր և գործադիր մարմիններում բարձր պաշտոններ զբաղեցնող անձանց եկամտի առյուծի բաժինը ոչ թե աշխատավարձից է, այլ բիզնեսից: Դատական համակարգում դա կազմում է հիսուն տոկոս, գործադիրում՝ երեսուն, օրենսդիրում՝ երեքից հինգ տոկոս»:
Գագիկ Հարությունյանը բացատրեց նաև, թե ինչու է համաձայնել գլխավորել Սահմանադրական բարեփոխումների մանսագիտական հանձնաժողովը և ասաց. «Ես ցանկանում եմ, որ իմ երեխաներն ապրեն այնպիսի երկրում, որտեղ որոշումներ են կայացնում ոչ թե չինովնիկները, այլ` գործում է օրենքը, որտեղ կա Սահմանադրություն: Եթե օրենքը չգործի, մենք բոլորս կախված կլինենք այդ չինովնիկների բարի կամքից: Իսկ ես բազմիցս ասել եմ` ազնիվ խոսքով պետություն չես կառուցի»:
Լրահոս
Տեսանյութեր
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան