Դատարանը դուրս է եկել լիազորությունների շրջանակներից՝ պարտավորեցնելով ԶԼՄ-ներին բացահայտել աղբյուրը. Քննարկում
«Հրապարակ» օրաթերթի խմբագիր Արմինե Օհանյանը, երբ վերջերս Հատուկ քննչական ծառայության կողմից ստացել է տեղեկատվության աղբյուրը բացահայտելու մասին դատարանի կայացրած որոշումը, անակնկալի է եկել ու մի քիչ էլ տարակուսել:
«Երբ կարդում ես որոշումը, այնպիսի տպավորություն է, որ դատավորը պետք է մերժեր դատախազի միջնորդությունը, որովհետև դրանում հղում էր արված եվրոպական դատարանի նախադեպերին, մամուլի մասին օրենքներին, սակայն վերջում պարտադրանք է մեր նկատմամբ կիրառված բացահայտել տեղեկատվության աղբյուրը»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Օհանյանը:
Նա ասաց, որ լրատվական դաշտում երկար տարիներ է, ինչ աշխատում է, բայց նման երևույթի երբևէ չի հանդիպել:
Հիշեցնենք՝ ամեն ինչ սկսվեց այն ժամանակ, երբ «Իլուր»-ն ու «Հրապարակ»-ը տեղեկացրել էին, որ մայիսի 7-ի, լույս 8-ի գիշերը Գյումրիում բռնության է ենթարկվել հունահռոմեական ոճի ըմբիշ, օլիմպիական խաղերի մեդալակիր, Եվրոպայի եռակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը՝ եղբոր հետ: Բռնություն գործադրողը Շիրակի ոստիկանապետ Վարդան Նադարյանն է եղել: Ըստ հրապարակումների՝ ոստիկանապետն ալկոհոլի ազդեցության տակ է գտնվել, կանգնեցրել է երիտասարդների վարած մեքենան: Սկզբում Հատուկ քննչական ծառայությունը նյութեր էր նախապատրաստել լրատվամիջոցների հրապարակումների հիման վրա, այնուհետև գլխավոր դատախազությունը որոշել է քրեական գործ հարուցել պաշտոնեական լիազորությունները զենքով կամ հատուկ միջոցներով զուգորդված բռնություն գործադրելով անցնելու հոդվածով և ուղարկել այն ՀՔԾ քննության: Այնուհետև տեղեկատվության աղբյուրը բացահայտելու միջնորդությամբ ՀՔԾ-ն դատարան էր դիմել ու դատարանը այն բավարարել էր:
«Սա աննախադեպ, նոր, հետաքրքիր մեթոդ է, որ մեր գլխավոր դատախազը փորձում է կիրառել մամուլի նկատմամբ: Ինչու եմ ասում գլխավոր դատախազը, որովհետև սրանից առաջ մի քանի փորձեր եղան՝ հայտարարություն տարածվեց մամուլի մասով, հետո ասուլիսի ժամանակ Գևորգ Կոստանյանն է խոսել այդ մասին», -հայտարարեց տիկին Օհանյանը:
Գյումրիի ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանը կարծում է, որ սա փորձ է վախեցնելու «վախեցած լրատվամիջոցներին», և դատարանի որոշումը նշված լրատվամիջոցների վրա «սարսափազդու տպավորություն չի թողնի»:
«Հասկանալով, որ աղբյուրն այս ճանապարհով չի բացահայտվելու, դատախազությունը փորձում է այդպիսով գործը չբացահայտելու բարոյական հիմքեր ստեղծել, թե տեսեք՝ էս մի վերջին հնարավորությունն էր մնացել, տնաշենները չտվեցին աղբյուրը, որ կարողանայինք բացահայտել, ուրեմն նման հանցագործություն չի եղել», -իր ենթադրությունը ներկայացրեց Բարսեղյանը:
Մինչդեռ «Ասպարեզ»-ի նախագահի խոսքով, Գյումրիում այդ գործը վաղուց բացահայտված է:
Քննարկմանը ներկա Մարդու իրավունքների պաշտպանի տեղակալ Գենյա Պետրոսյանը փոխանցեց Կարեն Անդրեասյանի մտահոգությունները. «Պաշտպանը խիստ մտահոգված է տեղեկատվության աղբյուրի պաշտպանության բնագավառում առկա բոլոր հնարավոր վտանգներով: Պարբերական պահանջ ներկայացնելը լրատվամիջոցին, կարող է հանգեցնել այս իրավունքի արժեզրկմանը»:
«Իրավունքի գերակայություն» հասարակական կազմակերպության անդամ, իրավապաշտպան Արտակ Զեյնալյանը հայտարարեց, որ դատարանը իրավունք չուներ ընդհանրապես վարույթ ընդունել այս գործը և տեղեկացրեց, որ իրենց խումբը ձեռնամուխ է եղել լրատվամիջոցների պաշտպանությունը:
«Դատարանը դուրս է եկել իր լիազորությունների շրջանակներից և գործել է ոչ որպես օրենքի հիման վրա ստեղծված դատարան: Այսինքն, դատարանի կայացրած որոշումն ապօրինի է: Հղում է կատարված քրդատ օրենսգրքի 279-րդ հոդվածին ու այս հոդվածի շրջանակներում քննություն է իրականացրել առանց լրատվամիջոցի ներկայության ու որոշում կայացրել: Լրատվամիջոցը չի ստացել այս որոշումը դատարանից, քանի որ կողմ չի հանդիսացել, հետևաբար ողջ տրամաբանությունը խախտված է, չէր կարող ամբողջ պրոցեսն իրականացվել առանց այն անձի, ով տիրապետում է աղբյուրը»,-հավելեց իրավապաշտպանը:
Իրականում, ըստ Զեյնալյանի, նույնիսկ լրատվամիջոցը չի տնօրինում տեղեկատվության աղբյուրը, և դրա միակ տնօրինողը լրագրողն է, ով կարող է նաև չկատարել դատարանի որոշումը: Լրատվամիջոցների պաշտպանական խումբը դիմել է Վերաքննիչ դատարան՝ բողոքարկելով առաջին ատյանի դատարանի կայացրած որոշումը:
«Մի քանի պահանջներ ենք ներկայացրել մեր վերաքննիչ բողոքում, հուսով ենք, որ ընդհանրապես կմերժվի այդ որոշումը, քանի որ պետք է վարույթ չընդունվեր, որովհետև քրեական գործերով դատարանը չպետք է քններ այս գործը», -նկատեց պարոն Զեյնալյանը: