ՄԻԵԴ. Հարցազրույցի փուլն ուշացումով մեկնարկեց Վահե Գրիգորյանի դիմումի պատճառով
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավորի պաշտոնում Հայաստանի Հանրապետության կողմից առաջադրվող թեկնածուների ընտրության մրցույթի հարցազրույցի փուլը մեկնարկեց կես ժամ ուշացումով (նախատեսված էր 9:00-ին)՝ պատճառը մրցույթի մասնակիցներից Վահե Գրիգորյանի դիմումն էր: Նախքան հարցազրույցի փուլի մեկնարկը՝ հանձնաժողովի անդամ Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանն ասաց, որ երեկ ժամը 20:00-ին էլեկտրոնային փոստով ստացել են Վահե Գրիգորյանի դիմումը, որը ծավալուն, տասը էջանոց հարցադրումներ են պարունակում, նաև խնդրանք՝ նախքան հարցազրույցի փուլի մեկնարկն անդրադառնալ դիմումին:
«Քանի որ տեղյակ չէինք, այսօր հանձնաժողովը հավաքվեց և նպատակահարմար համարեցինք անդրադառնալ դիմումին նախքան աշխատանքը սկսելը»,- ասաց նա՝ ներկայացնելով հանձնաժողովի որոշումը:
Հանձնաժողովը ոչ տեղին և ոչ նպատակահարմար է համարում կրկին անդրադառնալ այն հարցերին, որոնք վերաբերում էին 2014 թ. սեպտեմբեր-հոկտեմբերին առաջին մրցույթի անցկացմանը:
Հիշեցնենք, որ սա Մարդու իրավունքների Եվրոպական դատարանում դատավորի պաշտոնի համար 2-րդ մրցույթն էր: 2014թ. կայացած մրցույթի արդյունքները ԵԽԽՎ-ում ՄԻԵԴ դատավորի ընտրության փորձագետների խորհրդատվական խումբը չէր հաստատել` բացատրելով, թե ընտրված 3 թեկնածուներից մեկի որակական չափանիշները չեն համապատասխանում ՄԻԵԴ դատավորի չափանիշներին: Այս հիմքով ՀՀ նախագահը չեղյալ էր հայտարարել կայացած մրցույթը: Հայաստանն ստիպված եղավ նոր մրցույցթ կազմակերպել:
Նշենք, որ այս պահին ընթանում է մրցույթի հարցազրույցի փուլը:
Նախորդող հրապարակում՝
Մեկնարկել է ՄԻԵԴ-ում հայ դատավորի մրցույթի հարցազրույցի փուլը