Ե. ԶԱԽԱՐՅԱՆ. «ԱՆԿՈՒՍԱԿՑԱԿԱՆԸ ՉԻ ԿԱՐՈՂ ՀԱՅՏՆՎԵԼ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՊԱՇՏՈՆՈՒՄ»
Երևանի քաղաքապետ Երվանդ ԶԱԽԱՐՅԱՆԸ «Երևանի մասին» օրենքի նախագծի վերաբերյալ ոչինչ չի կարող ասել. «Կլինի վերջնական տարբերակ, և ես այդ մասին կխոսեմ»,- մեր հարցին, թե ի՞նչ փուլում է գտնվում «Երևանի մասին» օրենքի նախագիծը, այսօր պատասխանեց քաղաքապետը:
Մեր մյուս հարցին, թե Ե. Զախարյանն ինչպիսի՞ համակարգով կուզենար, որ քաղաքապետն ընտրվեր` ուղղակի՞, թե՞ անուղղակի, քաղաքապետը պատասխանեց. «Երևանում ընդունելի են և ուղղակի, և անուղղակի ընտրությունները: Վերջապես, եթե ընտրությունը լինի ավագանիների կողմից կամ համամասնական ցուցակով, այսինքն` ցուցակում ընդգրկվածների առաջին տողում նշվածը դառնա քաղաքապետ, դա նույնպես ես համարում եմ ուղղակի ընտրություններ»:
Ինչ վերաբերում է քաղաքապետի կուսակցական կամ անկուսակցական լինելուն, ապա Զախարյանը կարծում է, որ «ընտրովի քաղաքապետը պետք է լինի կուսակցական, որովհետև անկուսակցականը չի կարող հայտնվել քաղաքապետի պաշտոնում»: Իսկ ինչպե՞ս է գնահատում քաղաքապետը Երևանի կառավարման համակարգի արդյունավետությունը, հարցը Ե. Զախարյանը համարեց ծավալուն.«Բավականին ծավալուն հարց եք տալիս, որին դժվար է պատասխանել»,- ասաց քաղաքապետը: