«ԱՐԵՎԻԿԻ» ՄԵՆԱՀԱՄԵՐԳԻՆ ԿՄԱՍՆԱԿՑԻ ՎՐԱՍՏԱՆԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉԸ
«Մանկական Եվրոտեսիլում «Արևիկը» երկրորդ պատվավոր հորիզոնականը գրավեց, բայց մեզ համար դա հաղթնակ է` օտարները հայրեն լեզվով երգում էին մեր երգը»,-այսօրվա ասուլիսում ասաց Հանրային ռադիոյի տնօրեն Արմեն Ամիրյանը: Նրա խոսքով, մասնակիցները, կազմակերպիչները, նույնիսկ հավաքարարները երգում էին «Երազանք»-ը: «Դահլիճում կային հարյուրավոր հայկական դրոշներ, բայց դրանք ծածանողները հայեր չէին, դահլիճում հայերն ընդամենը 20-25 հոգի էին: Հաղթանակը հենց դա է, որ օտարները հայկական դրոշ էին ծածանում, երգում էին հայերեն երգ»,-ավելացրեց նա:
Այն, որ երեխաներն երգը կատարելու ընթացքում հուզված էին` չհերքեցին նաև մասնակիցներն ու խմբի գեղարվեստական ղեկավար Արմեն Դիվանյանը: Ա. Ամիրյանը նշեց, որ նույնիսկ պրոֆեսիոնալ արտիստները նմանատիպ դահլիճներում չեն կարողանում առանց հուզմունքի բեմ դուրս գալ: «Հուզմունքը բնական էր բոլոր երկրների մասնակիցների համար, քանի որ նախորդ օրվա փորձնական փուլի ժամանակ նրանք բոլորն էլ ավելի լավ երգեցին»,-ասաց Ա. Ամիրյանը:
Անդրադառնալով այն բանին, որ Բելոռուսի հաղթանակը շատերի մոտ կասկածանքի տեղիք էր տվել, Հանրային ռադիոյի արտաքին կապերի բաժնի պետ Դիանա Մնացականյանն ասաց. «Եվրոտեսիլ մրցույթում անհնար է որևէ բան կեղծել, փոխել: Բոլոր հաշվարկները կատարում է գերմանական մի ընկերություն: Բելոռուսի ներկայացուցիչը գրավեց առաջին հորիզոնականը, ու դա արդարացի էր»: Երեխաներին «Զվարթնոց» օդանավակայանում դիմավորել են նրանց ընկերները, դասարանցիները: «Ավելի լավ կլիներ, որ մեզ դիմավորեին նաև մեր էստրադային աստղերը: Եկել էին միայն Արամեն ու Անի Ամիրյանը: Այսինքն, աստղերը չեն գնահատում մեր վաղվա օրը, մեր ապագան այսօր այս երեխաներն են ներկայացնում»,-ասաց Արմեն Ամիրյանը:
Նշենք, որ այսօր արևիկցիներին ընդունելու են Ազգային ժողովի նախագահ Տիգրան Թորոսյանը և ԱԺ պատգամավոր Հրանուշ Հակոբյանը:
Հիշեցնենք, որ «Եվրոտեսիլ-2007»-ն անցկացվել է դեկտեմբերի 8-ին Նիդերլանդների Ռոտերդամ քաղաքում: Մրցույթին մասնակցում էին 17 երկրի ներկայացուցիչներ: Մրցույթում Հայաստանը ներկայացնող «Արևիկ» մանկապատանեկան անսամբլը զբաղեցրել է երկրորդ տեղը: Դեկտեմբերի 16-ին Օպերայի և բալետի ազգային թատրոնում տեղի է ունենալու «Արևիկ» մանկապատանեկան անսամբլի համերգը, որին մասնակցելու է նաև Եվրոտեսիլին մասնակցած Վրաստանի ներկայացուցիչը: Համերգն ուղիղ եթերով ցուցադրվելու է Հանրային հեռուստաընկերությամբ:
Լրահոս
Տեսանյութեր
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան