Սահմանի բացման տնտեսական ակնկալիքները` ըստ թուրքերի
Թուրքական «Հուրիեթ» (Hurriyet) պարբերականը հրապարակել է դիտարկումներ այն մասին, թե հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումն ինչ ազդեցություն կունենա երկրների տնտեսությունների վրա: Որոշակի պարզաբանումներ ստանալու համար օրաթերթը դիմել է թուրք-հայ գործարար միության համանախագահ Քաան Սոյաքին:
«Հայաստանի և Թուրքիայի միջև առևտրաշրջանառության ծավալը ներկայումս կազմում է շուրջ 150 մլն դոլար: Կարճ ժամանակահատվածում այդ ցուցանիշը կարող է կրկնապատկվել` հասնելով մինչև 300 մլն դոլար: Իսկ առաջին երեք տարում առևտրաշրջանառության ծավալները հակված են լինելու հասնել մինչև 1 մլրդ դոլարի»,-ըստ «Հուրիեթ»-ի` ասել է թուրք համանախագահը և ընդգծել, որ սահմանների բացումը կուղեկցվի առևտրի աշխուժացմամբ և դա կնպաստի երկրի արևելյան շրջանների` մասնավորապես Կարսի զարգացմանը:
Քաահ Սոյաքի ակնկալիքների համաձայն` ամենաարագ տնտեսական զարգացումն արձանագրվելու է զբոսաշրջության բնագավառում:
«Վանի Ախթամար կղզին, Անիի ավերակները` Կարսում և Հայաստանի սբ. Էջմիածինը կազմում են այն եռանկյունին, որը Միացյալ Նահանգներում, Ֆրանսիայում, Կանադայում, Լիբանանում և այլ երկրներում ապրող 7 մլն հայերի համար այցելության ամենացանկալի տեղն է: Աշխարհում ուրիշ ոչ մի տեղ այդպիսի երաշխիք տուրիզմի համար չկա»,- նշել է Սոյաքը:
Վերջինս ուշադրություն է հրավիրել նաև այն հանգամանքի վրա, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումից ու սահմանի բացումից հետո կվերագործարկվի Կարս-Գյումրի երկաթգիծը, որն ի զորու կլինի փոփոխություն մտցնել Միջին Ասիայի երկրների, Ռուսաստանի և Արևմուտիք լոգիստիկ համակարգերում:
«Կարս-Գյումրի երկաթուղու վերաբացումը, տնտեսապես շահավետ լինելուց զատ, կդառնա Աֆղանստանի հետ կապող ամենահուսալի ճանապարհներից մեկը»,- ընդգծում է Քաան Սոյաքը: Վերջինիս կարծիքով` երկու երկրների հարաբերությունների բնականոնացումն ունի նաև էներգետիկ նշանակության կարևորություն:
«Առաջիկա 50 տարում, երբ էներգետիկ քարտեզներ են ձևավորվում, Թուրքիայի մերձեցումը Հայաստանի հետ խիստ կարևոր է: Այդ մերձեցումն էներգետիկ հարցերի շուրջ ձեռք բերվող համաձայնությունների համար Կովկասում կառաջարկի առավել վստահելի, այլընտրանքային տարանցիկ ճանապարհներ»: