Կայսերիի հայկական եկեղեցին թուրքերը դարձրել են մարզասրահ
Երկար ժամանակ Կայսերիի երիտասարդության և սպորտի հարցերով կենտրոնը հայկական պատմական Սբ. Մարիամ Աստվածածին եկեղեցին օգտագործում է որպես մարզասրահ: Կենտրոնի նախագահ Յահյա Շահանը հայտնել է, որ այժմ աստիճանաբար վերջ կդրվի եկեղեցում կազմակերպվող մարզական միջոցառումներին, քանի որ կառուցվում է նոր հարմարավետ մարզասրահ: Այս մասին հայտնում է թուրքական «Սթար» թերթը:
«Եկեղեցին հարմար ու հասանելի վայրում է քաղաքի բոլոր կողմերից հեշտությամբ գալու համար: Հսկայական մարզադահլիճներ ունենք, բայց երիտասրադական կենտրոն չունենք: Արդեն 30-40 տարի եկեղեցին մեզ ծառայում է որպես այդպիսի կենտրոնի համար նախատեսված վայր»:
Կայսերիի քաղաքապետարանի գլխավոր քարտուղարի օգնական Քեմալեթթին Ջենգիզ Թեքինսոյն էլ նշել է, որ եկեղեցին այլևս չի կարող բացվել ժամերգությունների համար, քանի որ Կայսերիում համապատասխան համայնք չկա: Ծրագիր կա Սբ. Մարիամ Աստվածածին եկեղեցին վերանորոգել ու վերածել քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող թանգարանի:
Փաստորեն, Թուրքիայում գտնվող եկեղեցին կարող է ծառայել ամեն նպատակի, բացի իր իրական առաքելությունից` եկեղեցի լինելուց: Այն կարող է լինել մարզասրահ, թանգարան, բայց ոչ երբեք վայր` նախատեսված կրոնական ծիսակատարությունների համար:Հիշեցնենք, որ Աղթամար կղզու Սբ Խաչ եկեղեցին վերածվել է թանգարանի: