Կենդանասերները կհարկվեն, սակայն դեռ պարզ չէ, թե ինչպես
Մի քանի օր է, ինչ ԶԼՄ-ներում ակտիվ քննարկվում է Երևանի ավագանու որոշումը, համաձայն որի` ընտանի կենդանի պահողները պարտավորվելու են պետական տուրք վճարել Երևան քաղաքի բյուջե՝ 5000 դրամի չափով:
Տարօրինակն այն է, սակայն, որ ինչպես պարզեցինք Երևանի ավագանու «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Արման Վարդանյանից, քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի առաջարկած` «Երևան քաղաքում պետական տուրքերի և վճարների 2010 թ-ի դրույքաչափեր սահմանելու մասին» օրենքի նախագիծն ընդունվել է դեռևս 2009 թ-ի դեկտեմբերի 2-ին:
Ի թիվս այլ դրույթների` փաթեթում առկա է նաև հետևյալը. «Համաքաղաքային կանոններին համապատասխան` Երևան քաղաքի վարչական տարածքում ընտանի կենդանիներ պահելու թույլտվության համար տեղական տուրքը` ընթացիկ տարվա համար, սահմանվում է 5000 դրամ»:
Ա.Վարդանյանը նշեց, որ ԲՀԿ խմբակցությունը որոշակի անհամաձայնություններ ուներ փաթեթում առկա որոշ դրույթների հետ կապված, և դրանք քննարկելու համար քաղաքապետը խոստացել է նիստ հրավիրել: Ինչ վերաբերում է ընտանի կենդանիներին վերաբերող դրույթին, ապա ուսումնասիրելով Եվրոպական երկրների փորձը, ԲՀԿ-ականները եկել են այն եզրակացության, որ Հայաստանի պարագայում սկզբնական անհրաժեշտություն է նախ մշակել հարկման մեխանիզմները և հետո նոր մտածել դրանց կիրառման մասին: «Բարդությունը նրանում է, որ մենք չենք պատկերացնում, թե ինչպե՞ս պետք է հաշվառենք ընտանի շներին կամ կատուներին՝ արդյոք գործընթացը պե՞տք է թողնել քաղաքացիների բարի կամքին, անասնաբույժների կողմից տրամադրվող տվյալներին, թե՞ անանուն հաղորդագրությունների վրա, դեռևս անհասկանալի է»,- նշեց Ա.Վարդանյանը: Ինչ վերաբերում է անասնաբույժների մոտ հաշվառված տվյալներին, ապա դա` որպես գործիք կիրառելը, ևս դժվարություններ կարող է առաջ քաշել, քանի որ հայաստանցի կենդանասերները, որպես կանոն, անասնաբույժի այդքան էլ պարբերաբար չեն այցելում:
«Մենք դեռ պատրաստ չենք այս հարկմանն անցնելու և, կարծում եմ, սա ավելի շուտ ընթացիկ նախագծի բնույթ պետք է կրի, մանավանդ, որ Երևանը` որպես ինքնուրույն համայնք, նոր է ձևավորվել»,- ասաց Ա. Վարդանյանը:
Նա նշեց նաև, որ նախագիծը փոփոխության կենթարկվի, ինչն էլ հնարավորություն կտա հասկանալ, թե, օրինակ, Երևանի վարչական շրջաններն ինչպե՞ս են կազմակերպելու կենդանահամարը և, ի վերջո, գուցե այս խնդրով զբաղվող հասարակական կազմակերպությունների հետ համապատասխան քննարկում անցկացվի՝ հասարակության կարծիքը ճշտելու համար: