Գ. Բարսեղյան. Արտադրողականության բարձրացման լավագույն միջոցը ՏՏ կիրառումն է
Ճգնաժամի հաղթահարման համար անհրաժեշտ է բարձրացնել արտադրողականությունը, իսկ դրա լավագույն միջոցը տնտեսությունում ՏՏ կիրառումն է: Այսօր` ելույթ ունենալով Աղվերանում մեկնարկած «ՏՀՏ լիդերների հանդիպում»-ֆորումում, նման տեսակետ հայտնեց «Մայքրոսոֆթ Ար Էյ» ընկերության տնօրեն Գրիգոր Բարսեղյանը: Նրա խոսքով, Հայաստանի համար տնտեսության տարբեր ոլորտներում ՏՏ ներդրումն ու կիրառումն ավելի է կարևորվում, քանի որ երկիրը գտնվում է շրջափակման մեջ ու արտադրողական բարձրացման խնդիրն ավելի սուր է դրված:
«Մեր հարևանների շրջանում մենք ամենափոքր պետությունն ենք, և մրցունակ լինելու համար անհրաժեշտ է, որ մեկ աշխատողը երեքի արդյունավետություն ապահովի»,-ասաց Գ. Բարսեղյանը:
Նրա խոսքով, իրենց ընկերությունը զբաղված է հենց նման ծրագրերի մշակմամբ ու տարածմամբ, և աշխարհում այսօր չկա մի ընկերություն, որը չօգտագործի ընկերության մշակած ծրագրերը: Նա նշեց, որ «Մայքրոսոֆթն» անընդհատ շփման մեջ է իր սպառողների հետ, ինչը հնարավորություն է տալիս առկա խնդիրների համար լավագույն լուծումներն ապահովել:
Հիշեցնենք, որ փետրվարի 26-28-ը Աղվերանում կանցկացվի «ՏՀՏ լիդերների հանդիպում»-ֆորումը: Այս անգամ ֆորումն ընդլայնել է իր շրջանակները և անդրադառնալու է ոչ միայն ՏՀՏ ոլորտում եղած խնդիրներին, այլև ՏՀՏ կիրառությանը տնտեսության այլ ոլորտներում:
Ֆորումին ներկա կլինեն Էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը, հայաստանյան առաջատար բիզնես ընկերությունների, ՏՀՏ ընկերությունների, գերատեսչությունների, միջազգային կազմակերպությունների շուրջ 100 ղեկավարներ և ներկայացուցիչներ:
Ֆորումի կազմակերպիչն է Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը: