Ռուստամյան. Բանաձևի ընդունումը պետք է սթափեցնի Հայաստանին
Կրկին անգամ Թուրքիան փաստեց, որ խոսում է ոչ միայն նախապայմանների, այլև շանատաժի լեզվով: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը` գնահատելով ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Արտաքին հարաբերությունների կողմից Հայոց ցեղասպանության N252 բանաձևի ընդունմանը հետևած թուրքական արձագանքները, նման տեսակետ հայտնեց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Ռուստամյանը:
Ըստ նրա, նման արձագանքը սպասելի էր, քանի որ մինչ այդ անընդհատ թուրքական և ադրբեջանական կողմերից սպառնալիքներ են հնչում:
Ռուստամյանը նաև նշեց, որ բանաձևի ընդունումը առաջին լուրջ հաջողությունն էր հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման վերաբերյալ արձանագրությունների ստորագրումից ի վեր: Դաշնակցական գործչի խոսքով, հայկական կողմի գործը դրանով չհեշտացավ, այլ բարդացավ:
Բանաձևի ընդունումը, ըստ նրա պետք է սթափեցնի հայկական կազմակերպություններին ու Հայաստանին, քանի որ առջևում դեռ Կոնգրեսի կողմից բանաձևի ընդունման հարցն է:
Հիշեցնենք, որ Թուրքիան ավանդաբար հերքում է 20-րդ դարի սկզբին շուրջ 1.5 մլն հայերի զանգվածային ոչնչացման մեղադրանքները և խիստ հիվանդագին է արձագանքում այդ հարցում Արևմուտքի քննադատությանը: Հայոց ցեղասպանության փաստը շատ պետությունների կողմից է ճանաչվել: Առաջինը դա արել է Ուրուգվայը 1965-ին, ապա նրա օրինակին հետևել են Ռուսաստանը, Ֆրանսիան, Իտալիան, Նիդերլանդները, Գերմանիան, Բելգիան, Լեհաստանը, Լիտվան, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, Հունաստանը, Կիպրոսը, Լիբանանը, Կանադան, Վենեսուելան, Արգենտինան և ԱՄՆ 42 նահանգներ: Հայոց Ցեղասպանությունը ճանաչել են նաև Վատիկանը, Եվրոխորհուրդը և Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը: