Փաստաբան Սահակյան. Փաշինյանի գործով դատական նիստը ցույց տվեց, որ լինելու է մեղադրական դատավճիռ
«Ինչպես վերաքննիչ բողոքը ներկայացնելիս, այնպես էլ հիմա որևէ ակնկալիք չենք ունեցել, որ դատարանը արդարացի դատական ակտ կարող է կայացնել», -Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց «Հայկական ժամանակ»-ի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանի գործով փաստաբան Լուսինե Սահակյանը:
Նկատենք, որ նախօրեին Վերաքննիչ քրեական դատարանի դատավորներ Սերժիկ Ավետիսյանը, Մարգո Սիմոնյանն ու Արշակ Խաչատրյանը անցել են խորհրդակցական սենյակ` Փաշինյանի գործով վճիռ կայացնելու: Սպասվում է, որ դատավճիռը կհրապարակվի մարտի 9-ին` առավոտյան ժամը 11:00-ին Վերաքննիչ դատարանում կայանալիք նիստում:
Պաշտպանական կողմը վերաքննիչից պահանջում էր բեկանել Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի որոշումը և արդարացման վճիռ կայացնել: Իսկ մեղադրող կողմն ընդհակառակը, Վերաքննիչից պահանջում է Փաշինյանին մեղավոր ճանաչել նաև 316 հոդվածի 1-ին մասով` բռնություն իշխանության ներկայացուցչի նկատմամբ, որով, ի դեպ, Փաշինյանն արդարացվել էր:
Լուսինե Սահակյանի խոսքով, Վերաքննիչ քրեական դատարանում արդեն երեք օր ընթացող դատական նիստը ցույց է տվել, որ դատարանը չի կարող արդարացի դատական ակտ կայացնել:
«Դատարանն արդեն իսկ ընթացքում բազմաթիվ խախտումներ թույլ տվեց և հիմնավորեց, որ լինելու է մեղադրական դատական վճիռ», -եզրկացրել է փաստաբան Սահակյանը:
Հիշեցնենք, որ հունվարի 19-ին Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի կայացրած վճռի համաձայն, Նիկոլ Փաշինյանը դատապարտվել էր 7 տարի ազատազրկման` մեղավոր ճանաչվելով ՀՀ Քրեական օրենսգրքի 225 հոդվածի 1-ին մասով և արդարացվել էր Քր.օր.-ի 316 հոդվածի 1-ին մասով՝ «Բռնություն իշխանության ներկայացուցչի նկատմամբ»:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանում փոքրահասակ բնակչության շրջանում բավականին տարածված է գժախոտով թունավորումը. Ռ. Աբովյան