Օբաման անսպասելիորեն մեկնել է Աֆղանստան
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման անսպասելի այց է կատարել Աֆղանստան: Սա նախագահի պաշտոնում նրա առաջին այցն է Աֆղանստան: Այս մասին հաղորդում է «Ռոյթերզ» գործակալությունը:
Նա հանդիպել է Աֆղանստանի նախագահ Համիդ Կարզայի հետ, որի ժամանակ Օբաման խոստացել է ամրապնդել երկու երկրների միջև հարաբերությունները: Նա կարևորել է երկրի իշխանությունների հեղինակության ամրապնդմանը, օրենքին հետևելուն, կաշառակերության և թմրանյութերի շրջանառության դեմ պայքարին ուղղված միջոցառումների իրականացումը:
Սպիտակ տան մամուլի քարտուղար Ռոբերտ Գիբսը մեկնաբանել է Օբամայի անակնկալ այցի նպատակը: Նրա խոսքով, այցի հիմնական նպատակն է առաջին ձեռքից ինֆորմացիա ստանալ ռազմական արշավի ընթացքի մասին և խորհրդակցել այդ երկրում միջազգային ռազմական կոնտինգենտի ղեկավարի հետ:
Աֆղանստանում ինը ժամ մնալուց հետո Օբաման վերադարձել է ԱՄՆ: Ակնկալվում է, որ Համիդ Կարզայի պատասխան այցը կլինի մայիսի կեսերին:
Հիշեցնենք, որ Աֆղանստանը Օբամայի վարչակազամի օրակարգի կարևոր խնդիրներից է: 2009-ի դեկտեմբերին ԱՄՆ Աֆղանստանում գտնվող իր զորքը մեծացրեց 30 հազարով: