
Ի՞նչ կլինի Ազգային պատկերասրահի ճակատագիրը, եթե …
Հայաստանի քաղաքաշինության փոխնախարար, ՀՀ գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանի կողմից Հյուսիսային պողոտայի նախագծման ընթացքում առաջարկվել է ավարտուն տեսքի բերել ՀՀ Կառավարական տունը` ըստ Ալեքսանդր Թամանյանի նախագծի: Այս համատեքստում ներկայումս քննարկվում է պահպանված արխիվային նյութերի հիման վրա Կառավարական տան շենքի բակում Ալ. Թամանյանի նախագծով նախատեսված բազմահարկ վարչական շենքի իրականացման հարցը: Այս մասին Panorama.am-ին հայտնեց Նարեկ Սարգսյանը:
«Երևանի Հանրապետության հրապարակում ՀՀ Կառավարական N1 շենքի ներկայիս տեսքը զգալի տարբերվում է Ալ. Թամանյանի նախագծից: Ալ. Թամանյանի մտահղացմամբ` Կառավարական տան համալիրի անկանոն հնգանկյուն պարագիծ ունեցող շենքի կենտրոնական մասում՝ ներքին բակում, կառուցվելու էր մոտ 37 մ տրամագծով և 47մ բարձրությամբ գլանաձև մի ծավալ (թմբուկ), որը կատարելու էր համալիրի տարբեր մասերը միմյանց հետ հաղորդակցող ճեմասրահի և դահլիճի ֆունկցիա: Քաղաքաշինական տեսանկյունից` այն Օպերայի թատրոնի շենքի հետ միասին դառնալու էր նախագծվող Հյուսիսային պողոտայի առանցքային դոմինանտը, դրանով իսկ պայմանավորելով հետագայում կառուցված շենքերի բարձրությունը, մասշտաբը և ոճական առանձնահատկությունները: Սակայն 1941 թվականին համալիրի շինարարությունն ընդհատվեց, որից հետո ֆինանսական միջոցների բացակայության պատճառով համալիրի կենտրոնական մասն այդպես էլ չիրականացվեց»,- ասաց նա:
Ալ. Թամանյանի նախագիծն ավարտուն տեսքի բերելուն հնարավոր է «խանգարի» Ազգային պատկերսրահի շենքը: Պատասխանելով մեր այն հարցին, թե ի՞նչ է լինելու Ազգային պատկերասրահի ճակատագիրը, գլխավոր ճարտարապետն ասաց. «Ակնհայտ է, որ Պետական պատկերասրահի շենքի` գոյություն ունեցող բազմանիստ ծավալը խոչընդոտում է Հյուսիսային պողոտայի թամանյանական գաղափարի իրականացմանը: Սակայն այս պահին առավել կարևոր է վերոհիշյալ թմբուկի կառուցումով հրապարակը բերել իր նախագծային մասշտաբին, իրականացնելով մեծ Վարպետի նախագիծն ամբողջությամբ` զուգահեռ քննարկելով պատկերասրահի վերակառուցման խնդիրը»:
Ազգային պատկերասրահը 1921 թվականին սկիզբ է առել որպես պետական թանգարանի գեղարվեստական բաժին: 1935-ին գեղարվեստական բաժինը վերածվում է կերպարվեստի թանգարանի, 1947-ին այն կոչվում է Հայաստանի Պետական Պատկերասրահ, իսկ 1991-ին վերանվանվում` Հայաստանի Ազգային Պատկերասրահ: (Այժմ Պատկերասրահն ունի հայկական, ռուսական և արևմտաեվրոպական կերպարվեստի հարուստ հավաքածու` ավելի քան 25 հազար ցուցանմուշ): Բակում 1978-ին բարձրացել է ութհարկանի մասնաշենքը:
Ազգային պատերասրահը կառուցել են հայտնի ճարտարապետներ Մարկ Գրիգորյանը և Էդուարդ Սարափյանը: Նշենք, որ Մարկ Գրիգորյանը հեղինակn է մի շարք հայտնի այլ շինությունների` Մատենադարան, «Արմենիա» հյունարոց (համահեղինակ` է. Սարափյան), Ազգային ժողովի շենք, ՀՀ նախագահի նստավայր, Մարգարյանի անվան ծննդատան շենքը և այլն, իսկ Է. Սարափյանը` Հանրապետության հրապարակի շատրվաններով ջրավազան, Կոմպոզիտորների տուն և այլն:
Լրահոս
Տեսանյութեր


