Ստեփանակերտում անցկացված առաջնությունում հաղթեց «Պերեզագրուզկա»-ն. Հուլիսին գիտակները կհանդիպեն Վրաստանի ու Ադրբեջանի թիմերի հետ
Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում մայիսի 30-ին անցկացվեց «Ի՞նչ, Որտե՞ղ, Ե՞րբ» Հայաստանի 11-րդ առաջնությունը:
Առաջնությանը մասնակցեցին Հայաստանի ու Արցախի տարբեր մարզերից 18 թիմեր Երևանից, Գյումրուց, Ստեփանակերտից, Բերձորից:
Փաթեթը խմբագիրը և վարողն հայտնի պետերբուրգցի գիտակ Ալեքսեյ Բոգոսլովսկին էր, որին արդեն երրրորդ տարին անընդմեջ վստահվում է Հայաստանի առաջնության անցկացումը: Առաջնությունն անցկացվում էր չորս փուլով՝ յուրաքանչյուրը 15-ական հարցով:
Ինչպես և անցյալ տարի՝ ֆավորիտներ էին համարվում Երևանի «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» ակումբի երեք թիմեր, որոնք մտնում են համաշխարհային վարկանիշի հարյուր լավագույն թիմերի կազմում:
Այս անգամ, Հայաստանի չեմպիոն հռչակվեց «Պերեզագրուզկա» թիմը, որն դժվարին պայքարում հաղթեց Հայաստանի բազմակի չեմպիոն «ԴԱՖ» թիմին և Հարավային Կովկասի 2008 թվականի չեմպիոն «Հայաստան» թիմը:
Ուսանողական թիմերից իրեն լավ դրսևորեց «Մաֆիոզներ» (ԵՊՀ) թիմը, որը երկրորդ տարին անընդմեջ զբաղեցրեց պատվավոր հինգերորդ տեղը,արցախյան թիմերից լավագույնն էր Ստեփանակերտի «Վարանդա» թիմը`ընդհանուր հաշվարկում գրավվելով 6-րդ տեղը:
«Առաջնությունը Արցախում անցկացնելու մտահաղացումը պատկանում էր ՀՀ Կրթության և Գիտության նախարար Արմեն Աշոտյանին և դրա համար կային լավ նախադրյալներ: Առաջինը` Արցախում ինտելեկտուալ շարժումը խթանելն էր, իսկ երկրոդը, արդեն բարի ավանդույթ դարձած, մայրաքաղաքից դուրս այսպիսի խոշոր միջոցառումներ անցկացնելն է»,-հայտարարել է «Գիտակների Հայկական Ասոցիացիայի» նախագահ Տիգրան Քոչարյանը:
Նա նշել է, որ այս տարի սա արդեն չորրորդ ինտելեկտուալ մրցաշարն է, որը կազմակերպվում է «Քաղծառայողների ասոցիացիա» հասարակական կազմակերպության հետ համատեղը՝ ՀՀ կառավարության և անձամբ վարչապետ Տիգրան Սարգսյանի աջակցությամբ:
Հայկական թիմերին առջևում սպասում է նոր խոշոր մրցախաղ՝ Հարավային Կովկասի առաջնությունը, որը կանցկացվի հուլիսին Բաթումում, որտեղ նրանք իրենց ուժերը կչափեն Վրաստանի ու Ադրբեջանի լավագույն թիմերի հետ: