Ղալաչյանն իր հավատարմագրերը հանձնեց Ալբանիայի Հանրապետության նախագահ Բամիր Թոփիին
Հունիսի 20-22-ը Հայաստանի դեսպան Գագիկ Ղալաչյանն այցելել է Ալբանիայի Հանրապետություն:
Հունիսի 21-ին դեսպան Ղալաչյանն իր հավատարմագրերը հանձնեց Ալբանիայի Հանրապետության նախագահ Բամիր Թոփիին: Հավատարմագրերի հանձնման արարողությանը հետևած առանձնազրույցի ընթացքում տեսակետներ փոխանակվեցին երկկողմ հարաբերությունների աշխուժացման ուղիների վերաբերյալ:
ԱԳն մամուլի և տեղեկատվության վարչության հաղորդմամբ, Հայաստանի դեսպանը նույն օրը հանդիպումներ ունեցավ Ալբանիայի փոխվարչապետ և արտգործնախարար Իլիր Մետայի, Ալբանիայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ֆաթոս Բեջայի, պաշտոնատար այլ անձանց հետ:
Իլիր Մետայի հետ հանդիպմանը դեսպանը կարևորեց երկու երկրների արտաքին գերատեսչությունների միջև խորհրդատվությունների մեխանիզմի գործարկումը, ինչը հնարավորություն կտա նախանշել երկկողմ համագործակցության զարգացման հեռանկարային ուղղությունները, ձեռնամուխ լինել իրավապայմանագրային դաշտի ձևավորմանը: Ալբանիայի արտգործնախարարն ընդունեց նախարար Էդվարդ Նալբանդյանի կողմից իրեն ուղղված` Հայաստան այցելելու հրավերը:
Ալբանիայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի հետ զրույցում կողմերը կարևորեցին միջխորհրդարանական կապերի զարգացումը, քննարկեցին բազմակողմ ձևաչափերում երկու երկրների խորհրդարանականների համագործակցության հնարավորությունները:
Նկատի ունենալով, որ ՀՀ ԱԺ նախագահը Ալբանիայի խորհրդարանի նախագահին հրավիրել է այցելել Հայաստան` կողմերը պայմանավորվածություն ձեռք բերեցին քայլեր ձեռնարկել այցն իրականացնելու ուղղությամբ: