5 մլն եվրո վարկ` Մետրոպոլիտենի վերակառուցման համար
Երևանի Մետրոպոլիտենի վերակառուցման ծրագրի իրականացման նպատակով Հայաստանի և Եվրոպական ներդրումային բանկի միջև այսօր ստորագրվել է 5 մլն եվրո արժողությամբ վարկային համաձայնագիր, որը հանդիսանում է ծրագրի առաջին փուլի համար նախատեսված 15 մլն եվրո ընդհանուր փաթեթի բաղկացուցիչ մասը:
ֆինանսների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից մանրամասնում են, որ այդ գումարից ևս 5 մլն եվրո վարկ տրամադրվում է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի կողմից, որի վերաբերյալ համաձայնագիրը ստորագրվել է այս տարվա մարտի 10-ին, իսկ մյուս 5 մլն եվրոն` որպես դրամաշնորհ, կտրամադրի Եվրոպական Միության Հարևանության Ներդրումային ծրագիրը:
Վարկը տրամադրվում է 15 տարի մարման ժամկետով, որից 4 տարին` արտոնյալ, 6-ամսյա EURIBOR + 0.75 տոկոսադրույքով:
Գումարն ուղղվելու է Երևանի մետրոյի համակարգի վթարային վերականգնման ներդրումային ծրագրի իրականացմանը, որի շրջանակում այս փուլում կվերականգնվի մետրոյի շարժակազմը, կվերանորոգվեն մաշված երկաթուղագծի և էլեկտրամատակարարման համակարգի բաղադրամասերը, կփոխվեն տեխնիկական գնացքն ու պոմպակայանները` մետրոյի անվտանգ ու հարմարավետ շահագործումն ապահովելու նպատակով:
Ծրագրի առաջին փուլը նախատեսվում է ավարտել 2012 թվականի վերջին: