«Մարաղա՝ 20-րդ դարի Գողգոթա». «Մարդկանց դաժանորեն սպանել են, որովհետև նրանք հայ են եղել»
«Ժամանակակից Գողգոթա, պարզապես` շատ ավելի դժոխային», այսպես է բնութագրել դքսուհի Քերոլայն Քոքսը 1992 թ. ապրիլի 10-ին Լեռնային Ղարաբաղի ամենամեծ բնակավայրերից մեկում` Մարաղայում, կատարված ողբերգությունը:
1992թ. ապրիլի 10-ին ադրբեջանցի օմոնականները ներխուժելով ավերել ու հրկիզել են գյուղը, ողջակիզել ու անմարդկային դաժանություններով տանջամահ արել խաղաղ բնակիչներին, մի մասին էլ գերեվարել ու տարել անհայտ ուղղությամբ:
«Այլատյացության կանխարգելման նախաձեռնություն» կազմակերպությունը այսօր ներկայացրեց http://maragha.org՝ «Մարաղա՝ 20-րդ դարի Գողգոթա» նոր ինտերնետ-նախագիծը:
Լրագրողների հետ հանդիպման ժամանակ կազմակերպության ղեկավար Արմինե Ադիբեկյանը և տեղեկատվական անվտանգության հարցերով փորձագետ Սամվել Մարտիրոսյանն ասացին, որ նախագծի վրա աշխատանքները շարունակվում են, ու իրենք շարունակում են հավաքել և հասարակությանը ներկայացնել իրական փաստեր` ինչ է կատարվել 1992 թ. ապրիլի 10-ին Մարաղայում:
Եռալեզու կայքում (հայերեն, անգլերեն, ռուսերեն) շուտով զետեղվելու է ՀՀ գլխավոր դատախազության տրամադրված ԼՂՀ գլխավոր դատախազության կողմից տրված հինգ հատորը` Մարաղայի դեպքերի վերաբերյալ, որը ցույց է տալիս, որ կոնկրետ մարդիկ են իրականացրել այդ դաժանությունները: Ինտերնետ-նախագծում տեղադրված են «Ընդդեմ իրավական կամայականություն» հասարակական կազմակերպության (երկար տարիներ գործադիր տնօրենը եղել է Լարիսա Ալավերդյանը) կողմից տրամադրած արխիվային նյութերը: Կայքում զետեղված են նաև արխիվային լուսանկարներ և տեսանյութեր, վկաների և ականատեսների ցուցմունքներ, մեկնաբանություններ, քարտեզներ:
Նշենք, որ կայքը Մարաղա նախագծի (http://maragha.nk.am/) լրացված և վերամշակված տարբերակն է, որը ստեղծել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մշակույթի և երիտասարդության հարցերի նախարար Նարինե Աղաբալյանի կողմից:
«120 հոգանոց գյուղում (մինչև այդ շատերն էին հեռացել, մնացել էին միայն ծերերը ու նրանց խնամող կանայք ու երեխաները) դաժանաբար սպանվել է ավելի քան 50 մարդ, 50-ից ավելը պատանդ է վերցվել: Հստակորեն կարող ենք ասել, որ տվյալ դեպքում մարդատյացության մասին է խոսքը գնում»,- ինտերնետ-նախագիծի շնորհանդեսի ժամանակ ասաց Լարիսա Ալավերդյանը` հավելելով, որ այդ 120 հոգու դեմ ադրբեջանցիներն իրականացրել են ցեղասպանական գործողություններ:
Սամվել Մարտիրոսյանն էլ ասաց, որ Մարաղայում կատարվածը այլատյացության դրսևորում է. «Մարդկանց դաժանորեն սպանել են, որովհետև նրանք հայ են եղել»:
Ինտերնետ-նախագիծը, ըստ նրա, փորձելու է ցույց տալ, թե ինչ է բերում պատերազմները, ինչպես նաև ցույց տալ առողջ բանականություն ունեցող ադրբեջանցիներին, թե ինչի կարող է բերել նման այլասերված տրամաբանությունը, որով առաջնորդվել է Մարաղայում ցեղասպանություն իրագործած ադրբեջանցի զինվորականները:
«Ինչ եղել է այնտեղ, դուրս է մարդկային տրամաբանությունից»,- ասաց փորձագետը: Իսկ Լ. Ալավերդյանն էլ ասաց, որ ողջունում է նման նախաձեռնությունները, որոնք ոչ թե այլատյացություն են քարոզում, այլ նպաստելու են աշխարհում նման ցեղասպանությունների կանխարգելել:
Նշենք, որ արդեն ավարտին են հասցվել նաև «Մարաղա, 10 ապրիլի 1992թ. Սովորական ցեղասպանություն» վավերագրական ֆիլմի աշխատանքները: Ֆիլմը նույնպես պատմում է Մարաղա գյուղի գազանաբար սպանված, գերեվարված, գերության մեջ տանջամահ արված ու անհայտ կորած տասնյակից ավելի բնակիչների մասին:
Լրահոս
Տեսանյութեր
Համաշխարհային գեոպոլիտիկ «распродажа»-ում Հայաստանը ոչ թե գնորդ է, այլ ապրանք. Արմեն Աշոտյան