ՀՀ նախագահ. Մենք երբեք մարտահրավերներից չենք խուսափել… մեր տեսակն այդպիսին չէ
«Պարգևատրման արարողությունները սովորաբար կատարվում են տոնական միջոցառումների շրջանակներում: Ընդհանրապես, տոնական օրերը շատ լավ առիթ են գնահատանքի ու դրվատանքի խոսքեր ուղղել նրանց, ովքեր ամեն օր են արժանի մեր ուշադրությանը, ովքեր բարեխղճորեն կատարում են ի վերուստ իրենց տրված աշխատանքը, ովքեր առաջ են մղում մեր հասարակությունը»,- նախագահական նստավայրում Հայաստանի Անկախության 19-րդ տարեդարձի առթիվ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրերով գիտության, կրթության, մշակույթի, արվեստի ոլորտների մի խումբ գործիչների, պետական ծառայության, իրավապահ համակարգում աշխատողների կոչումներ ու մեդալներ շնորհելուց հետո իր խոսքում ասաց նախագահ Սերժ Սարգսյանը:
«Մենք միշտ ասում ենք, որ մեզ համար ամենից կարևոր արժեքը մարդն է: Ավելացնեմ, որ մեզ համար ամենից կարևոր արժեքը վաստակաշատ մարդն է: Այն մարդը, ով բարեխղճորեն կատարում է իր պարտականությունները: Մենք շնորհակալ ենք բոլոր նրանց, ովքեր իրենց տաղանդով, բարեխղճությամբ, պատասխանատվությամբ անմռունչ կատարում են իրենց աշխատանքը: Շատ պարագաներում միգուցե այդ մարդիկ չեն արժանանում այն գնահատականին, որին իրենք արժանի են: Բայց մեծ հաշվով մարդու լավ և բարեխիղճ գործը չի կարող մնալ առանց գնահատականի»,- ասաց Հանրապետության ղեկավարը:
Նախագահը շնորհավորեց ներկաներին Անկախության 19-րդ տարեդարձի առթիվ` նշելով, որ առջևում Անկախության 20-ամյակի միջոցառումներն են. «Իհարկե, երիտասարդ տարիք է պետության համար, բայց միևնույն ժամանակ նաև պարտավորեցնող: Այս ընթացքում շատ բան է արվել, բայց բոլորիս համար էլ պարզ է, որ անելիքները շատ-շատ են: Ես առավել քան վստահ եմ, որ Ձեր օժանդակությամբ, մեր վաստակաշատ և տաղանդավոր այլ անհատների ակտիվ մասնակցությամբ, մենք կարողանալու ենք լուծել բոլոր այն պրոբլեմները, որ ծառացած են մեր պետականության և պետության առջև: Մենք երբեք մարտահրավերներից չենք խուսափել, որովհետև խուսափել` նշանակում է անձնատուր լինել, հանձնվել: Մեր տեսակն այդպիսին չէ»:
ՀՀ նախագահը պարգևատրվածներին ցանկացավ կրկնապատկված եռանդով նոր ձեռքբերումներ` «ի փառս մեր հայրենիքի»:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանում փոքրահասակ բնակչության շրջանում բավականին տարածված է գժախոտով թունավորումը. Ռ. Աբովյան