Սենատորներ Բոքսերն ու Մենենդեսը կասեցրել են Բրայզայի թեկնածությունը
Սեպտեմբերի 21-ին ԱՄՆ Սենատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովում սենատորները կողմ են քվեարկել Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Մեթյու Բրայզայի թեկնածությանը, սակայն հայամետ սենատորներ Բարբարա Բոքսերն ու Ռոբերտ Մենենդեսը դեմ ենք քվեարկել, տեղեկացնում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը (ANCA):
Իր ելույթում տիկին Բոքսերը բացատրել է, որ դեմ է քվեարկել Բրայզայի թեկնածությանը, քանի որ վերջինը երբևէ չի ցուցադրել բավականաչափ կամք` դիմակայելու կամ քննադատելու Ադրբեջանի ագրեսիան:
«Ես չեմ հավատում, որ նա այն մարդն է, որը պետք է նշանակվի Ադրբեջանում ԱՄՆ դեսպան: Նա բավականաչափ կամք չի ցուցաբերել դատապարտելու Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի կողմից իրականացվող ագրեսիան», -նշել է նա:
Հանձնաժողովի նախագահ Ջոն Քերին, ըստ աղբյուրի, նշել է, որ ինքը կիսում է սենատորներ Բոքսերի ու Մենենդեսի մտահոգությունները, բայց կողմ է քվեարկել Բրայզայի թեկնածությանը:
Հանձնախմբի տնօրեն Արամ Համբարյանը հույս է հայտնել, որ Սենատը կարգելափակի Բրայզայի թեկնածության հաստատումը, և նախագահ Օբաման կառաջարկի մեկ այլ թեկնածու Ադրբեջանում ԱՄՆ-ն ներկայացնելու համար:
Յուրաքանչյուր սենատոր իրավունք ունի «սառեցնել» դեսպանի թեկնածության նշանակումը` կանխարգելելով քննարկումը Սենատի լիագումար նիստում: Այդ իմաստով մեկ նախադեպ արդեն եղել է, երբ Սենատոր Ռ. Մենենդեսը 2006-ին արգելափակեց Հայաստանում ԱՄՆ դեսպանի թեկնածու Ռիչարդ Հոգլանդի թեկնածությունը: