Ա. Զաքարյան. Լեռնային Ղարաբաղի ժողովուրդն ազատ ապրելու իրավունքը ստիպված է եղել պաշտպանել արյան գնով` իրեն պարտադրված պատերազմի
«Վերլուծելով Ալիևի ելույթն ամբողջությամբ, միանշանակ պետք է ենթադրել, որ միջազգային հանրությանը խաբելու ալիևյան քաղաքականությունը շարունակվում է»,- անդրադառնալով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի նիստում հնչեցրած հայտարարություններին՝ Panorama.am-ի հետ զրույցում նշեց ԱԺ պատգամավոր, ՀՀԿ խորհրդի անդամ Արտակ Զաքարյանը:
Նրա խոսքերով, Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության, ինչպես նաև առկա հակամարտության կարգավորման շուրջ պարբերաբար տարածվող ստահոդ տեղեկատվությունն ու ընդգծված հակահայկական քարոզչությունն այս անգամ իրականացվեց ՄԱԿ-ի բարձր ամբիոնից` Իլհամ Ալիևի միջոցով:
«Մասնավորապես իր ելույթում վերջինս նշում է, իբրև թե Հայաստանը նախապատվություն է տալիս տարածաշրջանում լարվածության ու անկանխատեսելի հետևանքների էսակալացիային: Սա այն դեպքում, երբ ի լուր միջազգային հանրությանը Հայաստանի Հանրապետության Նախագահն է հանդես եկել ուժի չկիրառման վերաբերյալ համաձայնագիր ստորագրելու առաջարկով, երբ հայկական քաղաքական միտքն է շարունակաբար ահազանգում աշխարհին և շահագրգիռ կողմերին, որ Հարավային Կովկասում անվտանգությունն ու կայունությունը երկարաձգելու և վերջնականապես հաստատելու համար անհրաժեշտ է սանձել ադրբեջանի ռազմատենչ գործողություններն ու սպառազինման ինտենսիվ քաղաքականությունը»,- ասաց խորհրդարանականը:
Նրա խոսքերով, Ալիևը խոսում է ինչ-որ էթնիկ զտումներից, հաշվի չառնելով այն հանգամանքը, որ դեռևս ԽՍՀՄ տարիներին և դրանցից անմիջապես հետո, Ադրբեջանի կողմից առավել ինտենսիվ և ուժային եղանակով մենք ականատես ենք եղել ամենադաժան էթնիկ զտումների և տեղահանման քաղաքականության:
«Այդ պայմաններում Լեռնային Ղարաբաղի ժողովուրդն ազատ ապրելու իրավունքը ստիպված է եղել պաշտպանել արյան գնով` իրեն պարտադրված պատերազմի ընթացքում: Ի վերջո միջազգային հանրությունն պետք է գիտակցի, որ Ղարաբաղի ժողովուրդը վերջապես կարողացել է մի կողմից վերականգնել ստալինյան բռնապետության ժամանակ խաթարված պատմական արդարությունը, իսկ մյուս կողմից` երաշխավորել իր ֆիզիկական գոյատևման համար անհրաժեշտ նվազագույն պայմաններ:
Ինչ վերաբերվում է Ալիևի կողմից հորինված վերաբնակեցման քաղաքականությանը, ապա հարկ է նշել, որ ի հակառակ Ադրբեջանի պնդումների` այդ գոտին մեր կողմից ոչ բնակեցվում և ոչ էլ շահագործվում է»,- ասաց Ա. Զաքարյանը:
Նա նշեց, թե երբ Ղարաբաղի ժողովուրդը ստանա իր ինքնորոշման իրավունքն իրագործելու իրական հնարավորություն և ստեղծվեն անվտանգության և զարգացման գործնական մեխանիզմներ, Ղարաբաղի շուրջ գտնվող այդ շրջանների կարգավիճակով պայմանավորված էլ պարզ կլինի նաև թե ովքեր և ինչպես կվերաբնակեցվեն այդ տարածքներում:
«Որպես հետևություն ցանկանում եմ նշել, որ իմ կարծիքով, աշխարհի տարբեր անկյուններում ապրող մարդիկ, ովքեր որոշակիորեն հետաքրքրված են ղարաբաղյան հակամարտությամբ և տիրապետում են պարզ ճշմարտություններին, վաղուց արդեն լուրջ չեն վերաբերվում ադրբեջանական հիվանդագին հայտարարություններին»,- ընդգծեց Ա. Զաքարյանը:
Լրահոս
Տեսանյութեր
«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը