Պետական բյուջեի եկամուտներն աճել են 87. 9 մլրդ, ծախսերը` 35.3 մլրդ դրամով
2010 թվականի հունվար-օգոստոս ամիսներին ՀՀ պետական բյուջեի եկամուտները կազմել են 503.3 մլրդ դրամ, իսկ ծախսերը՝ 529.8 մլրդ դրամ, որոնք ապահովել են կառավարության` 9 ամիսների համար հաստատած ծրագրի համապատասխանաբար 97.5 և 83.2 տոկոսը:
ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից մանրամասնում են, որ պետական բյուջեի տարեկան ծրագրային ցուցանիշները կատարվել են եկամուտների գծով` 69.1%-ով, ծախսերի գծով` 61.8%-ով: 2010 թվականի հունվար-օգոստոս ամիսներին ՀՀ պետական բյուջեն կատարվել է շուրջ 26.5 մլրդ դրամ պակասուրդով` իննամսյա ծրագրով նախատեսված 120.4 մլրդ դրամ պակասուրդի և 2009 թվականի նույն ժամանակահատվածի 79 մլրդ դրամ փաստացի ցուցանիշի դիմաց:
Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ պետական բյուջեի եկամուտներն աճել են 21.2%-ով կամ 87.9 մլրդ դրամով: Ընդ որում, 19.7%-ով (76.6 մլրդ դրամով), ավելացել են հարկային եկամուտները, պետական տուրքերը և պարտադիր սոցիալական ապահովության վճարները, 96.9%-ով (2.7 մլրդ դրամով)` պաշտոնական դրամաշնորհները, 36%-ով (8.5 մլրդ դրամով)` այլ եկամուտները:
Պետական բյուջեի եկամուտների 92.5%-ը ձևավորվել է հարկային եկամուտների, պետական տուրքերի և պարտադիր սոցիալական ապահովության վճարների, 6.4%-ը` այլ եկամուտների, 1.1%-ը` պաշտոնական դրամաշնորհների հաշվին: « Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 11-րդ կետին համապատասխան պետական բյուջեում ներառվել են նաև պետական հիմնարկների արտաբյուջետային ֆոնդերի միջոցները, որոնց եկամուտները հաշվետու ժամանակահատվածում կազմել են շուրջ 12.3 մլրդ դրամ:
2010 թվականի հունվար-օգոստոս ամիսների ընթացքում ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին կատարվել են ավելի քան 529.8 մլրդ դրամի ծախսեր` կազմելով իննամսյա ծրագրի 83.2%-ը:
Մասնավորապես` 478 մլրդ դրամ են կազմել ընթացիկ ծախսերը, 51.8 մլրդ դրամ` ոչ ֆինանսական ակտիվների հետ գործառնությունները: Հաշվետու ժամանակահատվածում 8.8 մլրդ դրամի ծախսեր են կատարվել պետական հիմնարկների արտաբյուջետային միջոցների հաշվին: 2009 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ պետական բյուջեի ծախսերն ավելացել են 7.1%-ով կամ շուրջ 35.3 մլրդ դրամով: Աճը հիմնականում պայմանավորված է պետական պարտքի սպասարկման ծախսերի և դրամաշնորհների գծով ծախսերի ավելացմամբ, ինչպես նաև ոչ ֆինանսական ակտիվների օտարումից մուտքերի նվազմամբ:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանում փոքրահասակ բնակչության շրջանում բավականին տարածված է գժախոտով թունավորումը. Ռ. Աբովյան