Հ. Սահակյան. Անիի տաճարի հետ կապված ցանկացած երևույթ պետք է հուզի ողջ քրիստոնյա աշխարհին
«Սա շատ դատապարտելի երևույթ է և ինչքան էլ թուրքերն այնտեղ նամազ անեն, եկեղեցու սրբապատկերը փոխեն, արձանագրությունները ոչնչացնեն կամ հայտարարեն, որ դա իրենցն է՝ մեկ է, այն եղել և մնում է որպես քրիստոնեական արժեք, այն պատկանում է հայկական եկեղեցուն, և վերջապես դա հայերինն է»,- անդրադառնալով Անիի Մայր տաճարում Թուրքիայի «Ազգայնական շարժում» կուսակցության կողմից իրականացված նամազին՝ Panorama.am-ին ասաց ԱԺ պատգամավոր, ՀՀԿ խմբակցության անդամ Հովհաննես Սահակյանը:
Խորհրդարանականի համոզմամբ՝ Թուրքիան հնարավորություն ունեցել է ապացուցելու, թե զղջում է իր արարքների համար, որ դատապարտում է իր նախնիների իրականցրած ոճիրը, սակայն Թուրքիան ճիշտ հակառակ ուղով է գնում՝ շարունակելով իր ցեղասպան նախնիների անցած ճանապարհը:
«Ես կասեի, որ քրիստոնեական արժեք հանդիսացող վայրում նամազ անելը հակասում է նաև մահմեդական աշխարհի սովորույթներին և օրենքներին, ինչը մեծ հարված է նաև մահմեդականների ինքնասիրությանը: Անիի տաճարի հետ կապված ցանկացած երևույթ պետք է հուզի ոչ միայն աշխարհասփյուռ հայությանը, այլ ընդհանրապես ողջ քրիստոնեա հանրությանը, քանի որ Անիի տաճարն իրենից քրիստոնեական արժեք է ներկայացնում: