Կ.Սիմոնով. «ՌԴ-ն փորձում է շրջանցել Ադրբեջանի շանտաժը»
Պատերազմը տարածաշրջանում չի բխում ոչ Եվրամիության, ոչ ԱՄՆ-ի շահերից, սակայն միևնույն ժամանակ հույս ունենալ, թե դրա առկայության դեպքում գերտերությունները կգան ու կխառնվեն պետք չէ. «Իսկ պատերազմի վերսկսման հեռանկար իսկապես կա»,- Panorama.am-ի հետ զրույցում ասաց ՌԴ Էներգետիկ անվտանգության ազգային ֆոնդի տնօրեն Կոնստանտին Սիմոնովը:
Վերջինն այս հեռանկարը բացատրում է զուտ մասնագիտորեն, հենվելով այն տվյալների վրա, որ Ադրբեջանին մինչև 2020թ-ը տրված են անսպառ հնարավորություններ, ինչը բացատրվում է ածխաջրածնի արտադրության ու դրա ծավալների ավելացման հետ. «Կա տաս տարի, որի ընթացքում Ադրբեջանում բավականին լուրջ ֆինանսական ներհոսք է ակնկալվում, իսկ այնտեղ շատ լավ գիտակցում են, որ այդ միջոցները կարելի է տարբեր կերպ օգտագործել` այդ թվում նաև ավելացնելով սպառազինումը»,- նշեց նա:
Սակայն միևնույն ժամանակ Ադրբեջանը գիտակցում է, որ երբ այդ միջոցները սկսեն սպառվել, ապաև կնվազեն նաև մանևրելու իր հնարավորությունները, քանի որ ածխաջրածինը ոչ միայն փող, այլև այլ երկրներին ճնշելու մեծ հնարավորություններ է ընձեռում` կոնկրետ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում զիջումներ պահանջելով:
Ըստ Կ.Սիմոնովի, ամենևին էլ զարմանալի չի լինի, եթե Ադրբեջանը Ռուսաստանի հետ հարաբերություններում Ղարաբաղն օգտագործի որպես փոխանակման միջոց. «Ասենք` գազի մատակարարման ծավալներն ավելացնում ենք, բայց փոխարենը դու, Ռուսաստան, կոպիտ ասած մեզ կհանձնես Հայաստանն ու Ղարաբաղը»: Բայց այս կոնտեքստում նույն Ադրբեջանում էլ քաջ գիտակցում են, որ վտանգավոր խաղ են տանում, քանի որ բազմաթիվ խոստումներ են տալիս, սակայն դրանք պետք է նաև կյանքի կոչել, քանի որ ներուժն իսկապես մեծ է, բայց անվերջանալի չէ:
Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումն էլ առաջիկայում, ըստ Panorama.am-ի զրուցակցի, ակնկալել պետք չէ հենց նույն Ադրնեջանի պատճառով, քանի որ Թուրքիայի տարածքով ադրբեջանական գազի տրանզիտը ևս լուրջ փաստարկ է տվյալ հարցում պրոադրբեջանական դիրքորոշում ունենալու համար:
Մի խոսքով, Ադրբեջանն ունի ընդամենը տասը տարի, որպեսզի ինչ-որ բանի փորձի հասնել խնդրահարույց հարցերում:
Իսկ որքանո՞վ Ռուսաստանը կուլ կգնա Ադրբեջանի ճնշմանն ու շանտաժին: Կ.Սիմոնովը, նախ, նշեց, որ հարցը բավականին սուր է, քանի որ Ռուսաստանի ու Հայաստանի հարաբերությունները միշտ գործընկերային են եղել` քաղաքական իմաստով ՌԴ-ն միշտ աջակցել է Հայաստանին, վերջինն էլ պատասխանել նույնով և որ այսօր էլ կարելի է տեսնել, որ ՌԴ-ն փորձում է շրջանցել խնդրի սուր անկյունները. «Կարծում եմ այսօր այդպիսի հնարավորություն կա Ադրբեջանին փոքր-ինչ ավելի թանկ վճարել` ֆինանսական, այլ ոչ քաղաքական իմաստով, քանի որ, ասենք, նույն NABUCCO-ն որպես կոմերցիոն պրոեկտ է առաջ բերվել, ինչը ենթադրում է, որ նա պետք է էլեմենտար շահութաբերություն ապահովի և եթե Ռուսաստանը գազի դիմաց բարձր գին առաջարկի`դժվար մերժվի»:
Բայց հարցը միայն Ռուսաստանի դիրքորոշման մեջ չէ, այլ նաև նրանում, արդյո՞ք Ադրբեջանը կհամաձայնի պրոեկտից քաղել տնտեսական շահույթ, թե կհասկացնի, որ ֆինանսական միջոցները իրեն չեն հետաքրքրում, այլ հետաքրքրում է ղարաբաղյան հակամարտությունը:
«Իրավիճակն իսկապես բավականին բարդ է ու հենց ելնելով այդ բարդությունից Ղարաբաղյան հակամարտության ռադիկալ կարգավորման հնարավորությունը չէի անտեսի, չնայած հավատում եմ, որ դրան չի հասնի»,- հավելեց Կ.Սիմոնովը, որը Երևանում է գտնվում «Անվտանգության և տեղեկատվական համագործակցության խնդիրները Հարավային Կովկասում» թեմայով երկօրյա գիտաժողովի շրջանակում:
Լրահոս
Տեսանյութեր
«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը