Է. Նալբանդյան. Չունենք հարցեր Վրաստանի հետ, որ չկարողանանք լուծել բանակցությունների միջոցով
«Պայմանավորվել ենք, որ գոնե երկու ամիսը մեկ անգամ հանդիպենք. հարևան երկրներ ենք, բազմաթիվ հարցեր կան, որոնք մենք քննարկում ենք և չունենք հարցեր Վրաստանի հետ, որ չկարողանանք լուծել բանակցությունների միջոցով, հանդիպումների ընթացում»,- այս մասին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հրավերով Երևան այցելած Վրաստանի ԱԳ նախարար Գրիգոլ Վաշաձեի հետ հանդիպումից հետո կայացած համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Է. Նալբանդյանը:
Նա ասաց, որ երեկ և այսօր քննարկել են երկկողմ հարաբերություններին վերաբերող հարցերի լայն շրջանակ, անդրադարձ են կատարել երկու երկրների նախագահների միջև ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքին, տնտեսական, տրանսպորտային և էներգետիկ բնագավառներում համագործակցությանը, զբոսաշրջության զարգացմանը, գործարար համաժողովների կազմակերպմանը, միջազգային կազմակերպություններում համագործակցությանը, արտգործնախարարությունների միջև խորհրդատվությունների անցկացմանը:
Է. Նալբանդյանն ասաց, որ գոհությակությամբ արձանագրել են, որ առևտրաշրջանառությունը վերջին 9 ամիսների ընթացքում ավելացել է 50 տոկոսով: Ըստ նախարարի, դա դրական միտում է ու բավական կարևոր ցուցանիշ: Նա ակնկալում է, որ տարեվերջին այն կհասնի 200 միլիոն դոլարի: Գ. Վաշաձեն նույնպես կարևորեց 50 տոկոս աճը, բայց նշեց, որ երկու հարևան երկրների համար այդ ցուցանիշը բավարար չէ: Է. Նալբանդյանն ասաց, որ այս տարի Հայաստանից Վրաստան է այցելել 300 հազար զբոսաշրջիկ։
Հայկական կողմի նախաձեռնությամբ, ըստ նախարարի, անդրադարձ է կատարվել նաև վիրահայությանն առնչվող մի շարք հարցերի, մասնավորապես` կրթության և հայկական մշակութային ժառանգության պահպանմանն առնչվող հարցերի: Հայ-վրացական մշակութային համագործակցության քննարկման ենթատեքստում նախարար Նալբանդյանը գոհունակություն է հայտնել մշակութային ոլորտում արձանագրված փոխանակումների ակտիվացման կապակցությամբ:
Վրաստանի արտգործնախարարն ասաց, որ այսօր հայ-վրացական հարաբերությունները երկու երկրների նախագահների շնորհիվ բավականին բարձր մակարդակի վրա են գտնվում, քան եղել են երբևէ: «Մենք փոխըմբռնումով ենք մոտենում առկա խնդիրներին, քրտնաջան աշխատում ենք լուծել այդ խնդիրները և էլ ավելի բարելավել մեր հարաբերությունները»,- ասաց Գ. Վաշաձեն։
Լրահոս
Տեսանյութեր
Գևորգ Դանիելյան. Շատ վատ է, որ մենք չենք օգտագործում Սահմանադրության անվտանգության բարձիկները