«Ի՞նչ է Ջավախքը. Ջավախք տարածաշրջան քարտեզի վրա գոյություն չունի». Փորձագետ` սա վերլուծությունների տեղիք տվող զավեշտներից է
«Վրաստանի պաշտոնատար անձիք ամեն անգամ Հայաստան այցելությունից հետո «մի հետաքրքիր դիպված են թողնում ու գնում»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Միտք» վերլուծական կենտրոնի փորձագետ Վահե Սարգսյանը:
Փորձագետի խոսքով, Վրաստանի ԱԳ նախարար Գրիգոլ Վաշաձեի այն արտահայտությունը թե. «Ես չգիտեմ` ինչ է Ջավախքը. Ջավախք տարածաշրջան քարտեզի վրա գոյություն չունի», վերլուծությունների տեղիք տվող զավեշտներից է:
«Հանդիպումը ոչինչով չտարբերվեց: Շարունակվեցին նույն ավանդույթները. վրացական կողմը նախքան բանակցությունները մի կարևոր փաստարկ է ունենում ու այն արհեստականորեն զիջելով հայկական կողմից զիջումներ է կորզում»,-ասաց նա: Վ. Սարգսյանի հավաստմամբ, վրացական կողմի զիջումները, ինչպես միշտ, այս անգամ էլ պարտադրելու համար են արվել:
Հայ-վրացական հարաբերություններում, փորձագետի հավաստմամբ, մեծ նշանակություն ունեն ջավախահայության խնդիրները: Նա ցավով նշեց, որ Վրաստանի արտգործնախարարը նույնիսկ «Ջավախք» տերմինի հետ կապված խնդիրներ առաջացրեց: Վ. Սարգսյանը այդպիսի դիրքորոշումը պարզապես ջավախահայության նկատմամբ հարգալից վերաբերմունքի բացակայություն անվանեց: «Ընդհանրապես կապ չունի, որ 94 թվականից Վրաստանի վարչատարածքային փոփոխությունների հետ կապված Վրաստանը կիրառում է Սամցխե Ջավախեթի անունը: Իրավաբանորեն գործածումը մեկ այլ տերմին է, եթե անգամ իրավաբանական գործածություններին նայենք, Վրաստանի բոլոր հայկական տեղանունները աղավաղված ու փոփոխությունների են ենթարկված: Մենք` հայերս պարտավոր չենք հետևել վրացական աղավաղումներին ու մեր պատմական տեղանունները աղավաղել»,-նկատեց նա:
«Միտք» վերլուծական կենտրոնի փորձագետը նշեց, որ Վրաստանի այդպիսի բարձրաստիճան մարդու կողմից նման արտահայտությունը պարզապես որպես պարտադրանք է հնչում. իբրև ինչո՞ւ ենք օգտագործում, եթե այդպիսի տերմին չկա:
Վերջում նա հիշեցրեց, որ Վրաստանը «Եվրոպայի խորհրդի առաջ ստորագրել է առնվազն 60 կոնվենցիա», որոնց որոշ մասը Ջավախքին է վերաբերում և հռետորական հարցադրում արեց. որքա՞ն իրականում արժեն այդ կոնվենցիաները, եթե դրանց դրույթները չեն կիրառվում:
Լրահոս
Տեսանյութեր
«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը