Գիտաժողով Էջմիածնում` հայկական տպագրության հիմնադրման 500-ամյակի առթիվ
Հոմտեմբերի 7-9-ը Ամենայն Հայոց Կաթողիկոս գարեգին Բ-ի օրհնությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը և Հոլանդիայի հայոց հոգևոր հովվությունը, ընդառաջ Հայկական տպագրության հիմնադրման 500-ամյա հոբելյանին, Սուրբ Էջմիածնում կազմակերպել են գիտաժողով` նվիրված Ամստերդամի «Սուրբ Էջմիածին և Սուրբ Սարգիս Զորավար» հայկական տպարանի հիմնադրմանը (1660 թ.) և գործունեությանը:
Մայր Աթոռ սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի տեղեկացմամբ, գիտաժողովի բացումը տեղի կունենա հոկտեմբերի 7-ին, ժամը 11:00-ին, Հին ճեմարանի դահլիճում: Գիտաժողովին մասնակցում են և զեկուցումով հանդես կգան Մայր Աթոռի միաբաններ, ինչպես նաև Հայաստանի և արտերկրի տարբեր գիտակրթական հաստատությունների 18 գիտաշխատողներ: Գիտաժողովի առիթով հոկտեմբերի 9-ին, ժամը 10:30-ին, Մաշտոցյան Մատենադարանում կբացվի Ամստերդամում տպագրված հայ հնատիպ գրքերի և այնտեղ գրված հայերեն ձեռագրերի ցուցահանդես` «Սուրբ Էջմիածնի լույսն Ամստերդամի հայոց տպարանից» խորագրով:
Նշենք, որ նույն օրը գիտաժողովի մասնակիցները կմեկնեն Ուշիի Սբ. Սարգիս եկեղեցի, որտեղ կկատարվի հոգեհանգստյան պաշտոն հայ տպագրիչների հոգիների հանգստության համար: Իսկ երեկոյան, Կամերային ազգային երաժշտության տանը, Հայաստանի կամերային նվագախմբի մասնակցությամբ, տեղի կունենա դասական երաժշտության համերգ: