Հ. Խառատյան. Միջազգային իրավունքը խախտվում է հենց միջազգային կառույցների կողմից
«Հայաստանը 5-6 տարի անընդմեջ դիմել է միջազգային տարբեր ատյանների, ԵԱՀԿ-ին, ով այժմ փաստահավաք առաքելություն է իրականացնում Լեռնային Ղարաբաղի հարակից տարածքներում, ՅՈՒՆՍԵԿՕ-ի կառույցներին, որ գոնե մեկ-երկու մարդ ուղարկեն Նախիջևանի տարածքում բռնի ոչնչացվող քրիստոնեական մշակութային կոթողների վիճակը տեսնելու: Միջոց, փող, մարդ չգտավ ԵԱՀԿ-ն: Իսկ այսօր փաստահավաք առաքելություն է իրականացնում: Տարօրինակ է` ինչո՞ւ»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց ու հարցադրմամբ հանդես եկավ ադրբեջանահայության լիազոր ներկայացուցիչների համագումարի կոնսուլտատիվ խորհրդի ներկայացուցիչ Հրանուշ Խառատյան:
Նշենք, որ նորաստեղծ ադրբեջանահայության լիազոր ներկայացուցիչների համագումարը զբաղվելու է փախստականներին անհանգստացնող խնդիրները միջազգային ատյաններում բարձրաձայնելով ու հետամուտ է լինելու դրանց լուծմանը:
Ըստ նրա, տվյալ պարագայում խոսքը գնում է միջազգային իրավունքի խախտման մասին հենց միջազգային կառույցների կողմից:
«Սա կամ սադրանք է հայության ու հայ ժողովրդ հանդեպ, դրդում են կոշտ գործողությունների, կամ ներքին գաղտնի բանակցությունների ու ճնշումների հետևանք: Այլ տրամաբանություն չկա: Փախստականներ կան և այստեղ, և այնտեղ: Ամբողջ բանակցային գործընթացում հայ փախստական չկար, հիմա փախստականների համար լուծում են առաջարկում, բայց էլի հայ փախստական չկա: Սա ամբողջ հայ ժողովրդի խնդիրն է»,- ասաց նա, ապա հավելեց. «Եթե չկարողանանք ազդել դեպքերի ընթացքի վրա, նշանակում է, որ պետք է բոլորս ստորագրենք, որ ոչ մի միջազգային կառույց իրավունքի համար չէ ստեղծված, այլ` որոշակի կամք թելադրելու համար»: