Բեքլևիչ. Անշուշտ նկարներ կան, որ մենք գետն անցել ենք
«Հզոր Թուրքիա» (ՀԹԿ) կուսակցության նախագահ Թունա Բեքլևիչն իր կուսակիցների հետ երկօրյա այցով մեկնել էր Կարս: Այնուհետև անցնելով Ախուրյան գետը հատել էին հայ-թուրքական սահմանը: Այս մասին հոկտեմբերի 10-ին առաջինը տեղեկություն էր տարածել թուրքական «Ջիհան» (Cihan) լրատվական գործակալությունը:
Դրան հաջորդեց Հայաստանում ՌԴ Դաշնային անվտանգության ծառայության սահմանապահ վարչության պետի տեղակալ, գնդապետ Անդրեյ Գուզեևի հերքումը: «Հնարավոր է նրանք երազ են տեսել կամ էլ դա նրանց անիրական երազանքն է, որը նրանք իրականացնել ըստ էության ի վիճակի չեն», -ասել էր Գուզեևը:
Արձագանքելով ռուս գնդապետի պարզաբանմանը` Բեքլևիչը պատասխանել է, որ իրենք ոտաբոբիկ են անցել գետը: «Անշուշտ նկարներ կան, որ մենք գետն անցել ենք: Տա Աստված մի օր սահմանը բաց լինի և մեր գալը սարերով ու ձորերով չլինի, այլ կգանք ու իրենց հետ միասին գետ կմտնենք: Բնավ կարիք չկա, որ հայկական մամուլն անհանգստություն դրսևորի: Մենք թշնամություն չենք բերել: Մենք խաղաղասիրաբար ու եղբայրաբար ենք տրամադրված»: