Դ. Բաբայան. Համանախագահներն այսօր այցելելու են Շահումյանի շրջան
«Ինչպես արդեն հայտնի է, ԵԱՀԿ Մինսկի խմբի դաշտային առաքելությունը այսօր կավարտի իր աշխատանքները, համանախագահներն օրվա ընթացքում այցելելու են Շահումյանի շրջան, Քարվաճառի շրջկենտրոն, այնտեղից՝ Հայաստան»,- անդրադառնալով ԵԱՀԿ Մինսկի խմբի դաշտային առաքելության այցի ավարտին՝ Panorama.am-ի հետ զրույցում նշեց ԼՂՀ նախագահի աշխատակազմի Հասարակայնության հետ կապերի գլխավոր վարչության պետ Դավիթ Բաբայանը:
Նրա խոսքերով՝ ընդհանուր առմամբ կարելի է ասել, որ այս նախաձեռնությունը, նորմալ ձևով ընթացավ, համանախագահները բավականին գոհ էին կազմակերպչական աշխատանքներից, և ընդհանրապես, ուսումնասիրությունների ողջ ընթացքից. նրանց համար շատ ուսանելի է եղել, քանի որ բնակչությունն արտահայտում էր իր կարծիքը և՛ Արցախի, և՛ իրենց ապագայի առնչությամբ:
«Դրանից զատ նրանք հայտարարեցին, իսկ դրանից առաջ մենք էինք հայտարարել, որ այս նախաձեռնությունը, առաքելությունը երկու փուլով է ընթանալու: Ըստ ձեռք բերված պայմանավորվածությունների՝ երկրորդ փուլում համանախագահները պետք է դիտարկեն Արցախի Հանրապետության այն տարածքները, որոնք գտնվում են Ադրբեջանի ռազմակալման տակ, մասնավորապես, խոսքս վերաբերվում է Արցախի Հյուսիսային շրջաններին, Շահումյանին, Մարտակերտի և Մարտունու այն շրջաններին, որոնք հակառակորդի վերահսկողության տակ են»,- տեղեկացրեց Դ. Բաբայանը:
Նրա կանխատեսմամբ՝ Ադրբեջանը կփորձի խոչընդոտել այդ ուսումնասիրությունները, քանի որ նրանք ինչպես անցյալում, այնպես էլ հիմա իրենց ստանձնած պարտավորությունները չեն կատարում, սակայն այդ քայլին կգնան ճարահատյալ:
«Դրա վառ ապացույցը 1994 թվականին կնքված զինադադարի պայմանագիրն է, ինչն Ադրբեջանի կողմից անընդհատ խախտվում է, չնայած որ նրանք լայնածավալ գործողությունների չեն համարձակվում դիմել, որովհետև դրա հետևանքներն Ադրբեջանի համար շատ ավելի ողբերգական են լինելու:
Իսկ մնացած դեպքերում այդ երկիրը փորձելու է խուսափել և ապակառուցողական դիրքորոշում որդեգրել: Մասնավորապես վերջին շրջանում տեղի ունեցող գործընթացները դա ևս մեկ անգամ ապացուցեցին. խոսքս վերաբերվում է Հայաստանի քաղաքացուն առևանգելու և այնտեղի բանտում սպանելու փաստին, ինչին ի դեպ արձագանքել են նաև համանախագահները»,- հավելեց ԼՂՀ պաշտոնյան:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանում փոքրահասակ բնակչության շրջանում բավականին տարածված է գժախոտով թունավորումը. Ռ. Աբովյան