Դաշնակցականները Բաքվում իրենց դեմ կազմակերպված բողոքի ակցիա չեն նկատել
Բաքվի օդանավակայանից մինչև հայուրանոց, այստեղից էլ դեպի Սոցինտերնի ժողովի անցկացման վայրը գնալիս դաշնակցականներ Կիրո Մանոյանը և Մարի Նալպանտյանը բողոքի ոչ մի ակցիայի ականատես չեն եղել: Այդ մասին այսօր ասուլիսում հայտարարեց ՀՅԴ «Հայ դատի» և քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը:
«Մենք 8:30-ին այցելել ենք օդանավակայան, ասացին, որ մեզանից առաջ ինչ-որ խումբ եղել է, բայց մենք ինքներս չենք տեսել նրանց», -հավելեց դաշնակցական Կիրո Մանոյանը:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 11-12-ին Բաքվում տեղի է ունեցել Ընկերվար Միջազգայնականի (Սոցինտերն) ԱՊՀ-ի, Կովկասի և Սև Ծովի հանձնախմբի ժողովը։ Ադրբեջանական լրատվամիջոցները այդ ժամանակ տեղեկացրին, որ այսպես կոչված Ղարաբաղի ազատագրման կազմակերպությունը ի նշան հայ դաշնակցականների` Բաքու կատարած այցելության, բողոքի ակցիա է կազմակերպել, որին մասնակցել է 20 մարդ:
Մանոյանի պատմելով, իրենց անվտանգությունը Բաքվում խստագույնս է պահպանվել: «Անգամ հյուրանոցից դեպի ժողովի անցկացման վայր, որը շատ հեռու չէր, մի քանի հարյուր մետր, մեքենայով տարան», -ներկայացրեց նա:
Մարիո Նալպանտյանն էլ հիշեց, որ իր անձնագրի հետ կապված խնդիրներ են եղել օդանավակայանում, ինչի պատճառով շուրջ հինգ ժամ ձգձգվել է քաղաք հասնելը: «Խնդիր էր առաջացրել այն, որ ես Արգենտինայի քաղաքացի եմ և տակավին Հայաստանի քաղաքացիություն չունեմ, ընդհանուր առմամբ, ամեն ինչ բարեհաջող անցավ», -նկատեց Նալպանտյանը:
Մանոյանը նշեց, որ ընդհանուր առմամբ 24 ժամ տևած ժողովի ժամանակ շուրջ 4 ժամ միայն իրենք հարցազրույց են տվել ադրբեջանական լրատվամիջոցներին: «Իսկ դա նշանակում է, որ ինչ-որ կարծրատիպեր կոտրվում են երկու հասարակությունների մեջ», -հավելեց Մանոյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Բագրատ Սրբազան. Գիտենք թշնամու ախորժակը և այն, թե մեր իշխանություններն ինչպես են վերաբերվում դրան